Մշակույթ

«Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ». Երևանում կայացավ ավստրուհի Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթի՝ «Նեմեսիս» գործողության մասին գրքի շնորհանդեսը

8 րոպեի ընթերցում

«Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ». Երևանում կայացավ ավստրուհի Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթի՝ «Նեմեսիս» գործողության մասին գրքի շնորհանդեսը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մայիսի 22-ին տեղի ունեցավ ավստրիացի հետազոտող, լրագրող, նախկին դիվանագետ, մարդու իրավունքների պաշտպան Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթի հեղինակած «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրքում ներկայացված են հայերի ցեղասպանության կազմակերպիչներին պատժելու՝ նախորդ դարի 20-ական թվականներին իրականացված «Նեմեսիս» գործողության մանրամասները և հայ վրիժառուների ճակատագրերը:

Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր նպատակն է մարդկանց, հատկապես՝ գերմանալեզու երկրների բնակիչներին, ներկայացնել XX դարի սկզբին հայերի հետ տեղի ունեցած ողբերգությունը, որպեսզի հնարավոր լինի ապագայում կանխել և բացառել նման ոճրագործությունները:

«Ներկայացրել եմ, թե ինչպես է ծագել «Նեմեսիս» գործողության գաղափարը, ինչից է սկսվել, ինչպես է այն լուսաբանվել տվյալ ժամանակաշրջանի թերթերում, այդ ընթացքում ինչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում: Սկզբում հիմնվել եմ մամուլի հրապարակումներին, նաև ծանոթացել եմ գործողությունն իրականացրած մարդկանց կենսագրություններին, ուսումնասիրել գիտական աշխատություններ: Ես գիտնական չեմ, լրագրող եմ, ուստի ավելի շատ լրագրողական մոտեցում եմ դրսևորել»,- ասաց Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթին:

Նա ընդգծեց, որ գրքի հրատարակմամբ ցանկանում է լրացնել գերմանախոս երկրներում Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվության պակասը: Այդ նպատակով փորձել է շարադրել այնպես, որ այն մատչելի լինի մարդկանց ավելի մեծ խմբի, այլ ոչ թե միայն գիտնականների համար: Հեղինակը հուսով է, որ հիմա թեման կսկսի ավելի լայնորեն շրջանառվել, կհայտնվի հանրային քննարկման կիզակետում և մարդիկ կարդալով գիրքը՝ որոշակի եզրահանգումներ կանեն:

Գրքի գերմաներեն տարբերակի հրատարակումից շուրջ մեկ տարի անց ստեղծագործությունը հասանելի է նաև հայերենով:

«Ի սկզբանե գիրքը նախատեսված էր գերմանալեզու երկրների՝ Շվեյցարիայի, Գերմանիայի և Ավստրիայի բնակիչների համար: Հետազոտության ընթացքում զարմանքով պարզեցի, որ այդ երկրների բնակիչները շատ քիչ տեղեկություն ունեն Հայոց ցեղասպանության մասին, մի զգալի մասն էլ ունի թերի տեղեկություններ: «Այլևս երբեք»՝ սա այս թանգարանի կարգախոսներից է: Իմ նպատակն է ցույց տալ, թե ինչ է պատահում, երբ խոշորագույն հանցագործությունները՝ ցեղասպանությունները, մնում են անպատիժ: «Նեմեսիս»-ի պատմությունը մեզ բերում է երկրորդ գլխավոր կետին՝ բարոյական հարցի՝ ինչպե՞ս կարող է պատահել, որ մեկ մարդու սպանությունը հանցագործություն է, իսկ 1 մլն մարդունը՝ ոչ: Հուսով եմ՝ այս գրքի հրատարակմամբ կկարողանանք փոքրիկ ներդրում ունենալ «Այլևս երբեք» կարգախոսի հետագա իրականացմանը ու Հայաստանին ևս մեկ անգամ չենք թողնի միայնակ»,- նշեց նա:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն էդիտա Գզոյանն էլ նկատեց, որ իրենց դահլիճը երբեք այդքան մարդաշատ չէր եղել:

«Թալեաթից վրեժխնդիր եղած Սողոմոն Թեհլերյանի դատը միջազգային նշանակություն է ունեցել: «Ցեղասպանություն» եզրույթը մշակած Ռաֆայել Լեմկինը ուսանողության շրջանում հետևում էր Թեհլերյանի դատավարությանը: Այդ ժամանակվանից է սկսում մտածել այդ եզրույթի ստեղծման մասին, այնուհետև նաև պայքարում է Ցեղասպանությունների վերաբերյալ կոնվենցիայի ստեղծման համար: Ըստ մտահղացման՝ այն պետք է ունենա պատժիչ և կանխարգելիչ գործառույթներ: Կոնվենցիայի ստեղծումից ավելի քան 70 տարի է անցել, սակայն այդ գործառույթները չեն գործում, ինչի ականատեսը, ցավոք, եղանք նաև Արցախում»,- նշեց էդիտա Գզոյանը: 

Թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը տեղեկացրեց, որ այս գիրքը «Նեմեսիս» գործողության վերաբերյալ հայերեն առաջին համապարփակ աշխատությունն է: Իսկ Բիրգիտ Քոֆլեր-Բեթշարթին թեմային անդրադարձած արտասահմանցի երկրորդ լրագրողն է:

«Գիրքը բավականին հետաքրքիր է ընթերցվում, որովհետև գրված է բավականին պարզ լեզվով: Ներկայացնում է մեր պատմության այն դրվագները, որոնք պարբերաբար փորձել են թիրախավորել, կեղծել ու օգտագործել մեր դեմ: Վերջին շրջանում նաև Ադրբեջանի կողմից, որը բավականին ակտիվ՝ պետական մակարդակով զբաղվում է պատմության կեղծարարությամբ՝ շահարկելով նաև «Նեմեսիս» գործողությունը:  Ուստի, պետք է կարողանանք հնարավորինս արդյունավետ օգտագործել մեր ռեսուրսները, այդ թվում՝ օտարերկրյա հետազոտողների լսարանը, և պատմական ճշմարտությունը ներկայացնենք նաև օտարերկրացիների խոսքերով»,- ասաց Գոհար Խանումյանը:

Գրքի շնորհանդեսին ներկա էր Ջեմալ փաշային գնդակահարած Արտաշես Գևորգյանի թոռը՝ Արմեն Գևորգյանը, որն անդրադառնալով «Նեմեսիս» գաղտնի գործողության հոգեբանական և բարոյական բաղադրիչներին՝ ընդգծեց, որ այդ կերպ հայերի վրայից որոշակիորեն հանվեց զոհի պիտակը:

«Դա արդարադատություն էր, ազգային արժանապատվության վերականգնում, պատժի անխուսափելիություն: Հայ վրիժառուների ժառանգների մեր խմբի որոշմամբ՝ Երևանում «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանը բացվեց ապրիլի 25-ին: Դա խորհրդանշում է, որ ապրիլի 24-ին անխուսափելիորեն հաջորդում է ապրիլի 25-ը: 2008 թվականին Թուրքիայի նախագահի հետ Երևան էր ժամանել ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը: Նրա պապուն 1922 թվականի հուլիսի 21-ին Թիֆլիսում գնդակահարողներից մեկն էր իմ պապը: Նա և իր ընկեր Պետրոսը գնդակահարելուց առաջ Ջեմալին են դիմել «Հիշի՛ր Դեր Զորը» խոսքերով՝ հիշեցնելով հայ կնոջ բառերը, որը անապատում հանդիպելով Ջեմալին՝ հայտարարել էր, որ հայերն անպայման վրեժխնդիր են լինելու այս ամենի համար: Այդպես էլ եղավ: Երբ այդ պատմությունը ներկայացրեցի Հասան Ջեմալին, նա երկար ժամանակ լուռ մնաց»,- պատմեց Արմեն Գևորգյանը: 

Առաջատար գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանը գտնում է, որ գրքի հեղինակը, չլինելով հայ, կարողացել է օբյեկտիվ շարադրել մեզ համար զգայուն այդ թեման:

«Գերմաներեն բնագիրը լույս է տեսել անցյալ տարվա մարտին: Այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ շնորհանդեսներ և քննարկումներ: Կուզենայի, որ այս գիրքը թարգմանվեր նաև այլ լեզուներով: «Նեմեսիս»-ի պատմությունը վառ օրինակ է, թե ինչպես մի խումբ մարդիկ ունենալով սահմանափակ հնարավորություններ՝ համառության, կամքի, հանդգնության և նպատակասլացության շնորհիվ հասան նպատակի իրագործմանը»,- եզրափակեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »