Կաննի կինոփառատոնի La Cinef ծրագրում հայ ռեժիսորի անիմացիոն ֆիլմը մրցանակի է արժանացել
2 րոպեի ընթերցում

Ռեժիսոր Նատալյա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի La Cinef պաշտոնական մրցութային ծրագրում, որտեղ ֆիլմը ստացել է Ոսկե արմավենու ճյուղ` գրավելով պատվավոր երրորդ մրցանակը և ընտրվելով ներկայացված ավելի քան 2400 ֆիլմերից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի կինոյի հիմնադրամը։
«Հայաստանի կինոյի հիմնադրամը ջերմորեն շնորհավորում է ռեժիսոր Նատալյա Միրզոյանին, պրոդյուսեր Արմինե Հարությունյանին և ողջ ստեղծագործական կազմին՝ այս նշանակալի ձեռքբերման համար՝ մաղթելով շարունակական հաղթանակներ միջազգային հարթակներում։ Նախագիծը առաջին անգամ ներկայացվել էր անիմացիոն ֆիլմերի «ՌեԱնիմանիա» փառատոնում, որտեղ ստացել է իր առաջին մրցանակը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ «Ձմեռն անվերջ» ֆիլմը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմը ստեղծվել է` ArtStep Studio-ի (Հայաստան), Rebel Frame-ի, Էստոնիայի արվեստի ակադեմիայի (Էստոնիա), Black Boat Pictures-ի (Ֆրանսիա) և White Boat Pictures-ի (Բելգիա) համատեղ արտադրությամբ։
Այս Ֆիլմը հիմնված է Սանկտ Պետերբուրգի ընտանեկան զույգի իրական պատմության վրա։ Այն սկսվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի առաջին օրվանից և ցույց է տալիս իրադարձությունները այն մարդկանց տեսանկյունից, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, բայց դեմ են պատերազմին։ Ֆիլմը ներկայացնում է պատերազմի առաջին ամիսը և հերոսների հետագա ճանապարհորդությունը դեպի Վրաստան։ Փորձությունները հանգեցնում են զույգի օտարացմանը, որն ի վերջո ավարտվում է բաժանմամբ։