Մշակույթ

Հայաստանի թանգարանների ղեկավարները փորձի փոխանակման նպատակով կմեկնեն ԱՄՆ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի թանգարանների ղեկավարները փորձի փոխանակման նպատակով կմեկնեն ԱՄՆ

Հայաստանի 9 թանգարանի տնօրեն մայիսի 27-ից հունիսի 7-ը կմասնակցի ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպվող «Միջազգային այցելու» ծրագրին՝ «Մշակութային կազմակերպություններում կառավարման գերազանցության խթանումը» թեմայով։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Մշակույթի զարգացման հիմնադրամի համագործակցության արդյունքում։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախատեսվում են մի շարք հանդիպումներ ԱՄՆ Վաշինգտոն (Կոլումբիա), Ֆիլադելֆիա (Փենսիլվանիա), Թուլսա (Օկլահոմա) քաղաքների մշակութային հաստատություններում, թանգարաններում, ինչպես նաև պետական կառույցներում։

Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել հայ մասնակիցներին՝ փոխանակելու փորձը և ձևավորելու երկկողմ ու բազմակողմ կապեր՝ ապագա համագործակցությունների, նախագծերի և փորձի փոխանակման նպատակով։

Ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստանից մեկնելու են Հայաստանի ազգային պատկերասրահի, Սերգեյ Փարաջանովի թանգարանի, Ե. Չարենցի տուն-թանգարանի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենները, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության փոխտնօրենը։

Ծրագիրը նախաձեռնել և համակարգում է Մշակույթի զարգացման հիմնադրամը։

«Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է Հայաստանի թանգարանների ղեկավարների համար՝ ծանոթանալու մշակութային կառավարման ժամանակակից մեթոդներին, ընդլայնելու համագործակցության շրջանակները և ներկայացնելու հայկական մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ նմանատիպ ծրագրերը լինեն արդյունավետ ու շարունակական»,-նշել է հիմնադրամի արտաքին կապերի ղեկավար Հայկ  Մկրտչյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »