Քաղաքականություն

Քուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

3 րոպեի ընթերցում

Քուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին

Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանն իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Պետության Էմիր Նորին Մեծություն շեյխ Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ Էմիր Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ողջունելով դեսպան Առաքելյանին, շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու հաջող գործունեություն՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացման։

Քուվեյթի Էմիրն ընդգծել է Քուվեյթը և Հայաստանը միավորող բարեկամական կապերն ու պատրաստակամություն հայտնել նպաստել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Նա նաև գոհունակությամբ է անդրադարձել Քուվեյթում բնակվող հայկական համայնքի դերակատարությանը երկրի հասարակական կյանքում։

Դեսպան Առաքելյանը Քուվեյթի Էմիրին է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու գործընկերությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել քուվեյթյան իշխանություններին՝ հայկական համայնքի հանդեպ դրսևորած ուշադրության և ստեղծված արժանապատիվ պայմանների համար։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել է Հայաստան-Քուվեյթ հարաբերությունների բարեկամական և փոխվստահության վրա հիմնված բնույթը, ինչպես նաև շեշտվել է երկկողմ համագործակցության օրակարգը զարգացնելու ու առաջ մղելու կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Դեսպան Առաքելյանը շնորհակալություն է հայտնել՝ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը սատարելու Քուվեյթի անփոփոխ դիրքորոշման համար, նկատելով, որ Հայաստանն իր հերթին սկզբունքորեն մերժում է հակամարտությունները զենքի ուժով լուծելու մոտեցումը և բոլոր ջանքերը գործադրում է միջազգային հարարբերություններում այդ սկզբունքի գերակայությունն ապահովելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »