Հայաստան-Իրան հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի
2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի այցը Հայաստան ցույց է տալիս, որ երկու երկրների հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին:
Դեսպանն Իրանի պաշտպանության նախարարի այցը Հայաստան գնահատեց շատ դրական և արդյունավետ:
«Նա շատ արդյունավետ քննարկումներ ունեցավ իր պաշտոնակցի, վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի և ԲՏԱ նախարարի հետ: Եվ այդ այցը ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ և բոլոր ոլորտներում զարգացում են ապրում»,–դեսպանը:
Սոբհանին վստահություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերություններն ապագայում ևս կզարգանան:
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Հայաստան էր այցելել մայիսի 20-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով: Նասիրզադեն, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետի, պաշտպանության նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումներին՝ նշել է, որ դրանց ընթացքում քննարկվել են համագործակցության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ պաշտպանական և տնտեսական ոլորտները, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ պաշտպանության նախարարի հետ։