«Սերգեյ Փարաջանով. հավերժական շարժում». Նունե Ալեքսանյանի գիրքը հետաքրքիր դրվագներ կբացահայտի ռեժիսորի կյանքից
7 րոպեի ընթերցում

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ ընթերցողներին ներկայացվեց «Սերգեյ Փարաջանով. հավերժական շարժում» ժողովածուն, որը ներառում է Փարաջանովի ընկերների, մտերիմների հուշերը, հարցազրույցներ և էսսեներ պոետիկ կինոյի մեծ ռեժիսորի մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 22-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում։
Ժողովածուի կազմող, թարգմանիչ և հարցազրույցների հեղինակ, հեռուստալրագրող Նունե Ալեքսանյանը գրքի շուրջ աշխատել է մեկ տարի։ Ասում է՝ գիրքը մի ամբողջ կյանքի ուսումնասիրություն է և արդյունք է հիացմունքի, գնահատանքի և հետաքրքրության, որն ինքը տածում է Փարաջանովի հանդեպ։
«Փարաջանովը ծնվել է Թիֆլիսում, կրթվել է Մոսկվայում, ապրել է Կիևում, ապա՝ դարձյալ Թիֆլիսում, և նրա ամբողջ ժառանգությունը ռուսերեն է։ Կարծեցի՝ անհրաժեշտ է ստեղծել ժողովածու, որում շատ կարևոր նյութեր մեկ ամբողջական գրքի սահմանագծում կհավաքվեն։ Երբ ասում եմ կարևոր նյութեր, նկատի ունեմ Փարաջանովի ստեղծագործական սկզբունքները, գեղագիտությունը, կինոմտածողությունն ու գեղարվեստական աշխարհայացքն ամբողջացնող նյութերը»,-նշում է Ալեքսանյանը։
Նա առանցքային նյութերից է համարում Փարաջանովի «Հավերժական շարժում» էսսեն, որը ռեժիսորը գրել է «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նկարահանելուց հետո և տպագրել է 1966-ին «Կինոյի արվեստը» ամսագրում։ «Սա Փարաջանովի ստեղծագործական մանիֆեստն է։ Նրա գեղագիտական մոտեցումները, նրա կինոյի առանձնահատկություններն ամբողջացած են այդ էսսեում։ Նա այդ էսսեում առաջին անգամ շեշտադրված պաշտոնապես արձանագրում է իր կինոյում գեղարվեստական պատկերի, գեղանկարչության դոմինանտության սկզբունքը»,-շեշտում է Նունե Ալեքսանյանը։
Գրքի «Գեղեցկության գերին» գլխում ներառվել են հարցազրույցներ կինոռեժիսորներ Ռոման Բալայանի, Սերժ Ավետիքյանի, Ալեքսանդր Աթանեսյանի, Ատոմ Էգոյանի, հետ։ Ատոմ Էգոյանից բացի Ալեքսանյանի բոլոր զրուցակիցները Փարաջանովի երկարամյա գործընկերներն ու ընկերներն են, որոնք ականատես են եղել նրա կյանքի իրողություններին, դժվար և ուրախ օրերի ուղեկիցներն են եղել։ «Այս հարցազրույցները կարևոր էին փաստական իրողություններ արձանագրելու համար, որովհետև Փարաջանովի անվան շուրջ ավելի շատ միֆն է գերակայում, քան իրականությունը։ Կան նաև արվեստի մեծ գործիչների, մեծ արտիստների, երաժիշտների, բժիշկների հիշողությունները Փարաջանովի մասին, որ ընդգրկել եմ երրորդ գլխում, որը կոչվում է «Հիշելով Փարաջանովին» »,-նշում է գրքի կազմողն ու հավելում՝ հետաքրքիր են նաև այն նյութերը, որոնցում Փարաջանովը խոսում է իր հայկական արմատների, ինքնության մասին, և հասկանալի է դառնում, որ նա անտեսանելի թելերով կապված է եղել Հայաստանի, հայ ժողովրդի, հայ մշակույթի հետ։
Գրող, կինոգետ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը կարդում է գիրքը, թերթում, նորից վերադառնում գրքին և ասում, որ Փարաջանովն այս գրքում արթուն է, զգացվում է նրա կենդանի ներկայությունը։ «Ես այն մարդկանցից մեկն եմ, որ պատիվ և բախտ է ունեցել Փարաջանովին ճանաչել։ Այս գրքից նույնիսկ լսում են նրա ծիծաղը։ Այդքան դժբախտությունների միջով անցած մարդն ուներ ծիծաղելու տաղանդ, ինչը նշանակում է, որ ուներ հոգու ահռելի ուժ։ Տեսնել բանտը, զգալ հալածանքները, ծանր հիվանդությունը և ծիծաղել, բացառիկ բան է»,-ընդգծում է նա։
Ըստ Մուրադյանի՝ Փարաջանովն ազատություն էր անազատ երկրում, նա իր գեղարվեստական մտածողությամբ, առօրյա խոսքով, իր վարքագծով այդպիսին էր։ «Սա մեծ դաս է նոր սերնդին, նաև՝ իմ սերնդին։ Փարաջանովն առաջինն էր խորհրդային տարիներին, որ քրիստոնեական ֆիլմ նկարահանեց։ Ոչ մեկի մտքով դա չէր անցնի, ոչ մեկի համարձակությունը չէր հերիքի։ «Նռան գույնը» ամբողջովին քրիստոնեական ֆիլմ է, որովհետև նրա բոլոր դրվագները Սուրբ գրքից են՝ ճերմակ գառնուկների մուտքը եկեղեցի, եկեղեցու տանիքին չորացող մագաղաթյա գրքերը։ Այդ ամենը մարտահրավեր էր ռեժիմին»,-հավաստիացնում է Մուրադյանը։
Նա պերճախոսություն է համարում ոչ թե բառերը, այլ գեղարվեստական գործողությամբ խոսելը։ Հիշեցնում է՝ Փարաջանովը «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմով անդրադարձավ ուկրաինացիներին՝ նրանց էթնոգրաֆիկ նկարագիրը բացահայտելով։ Մուրադյանը բազմաթիվ ուկրաինացիների է ճանաչում, որոնք գրեթե սրբացնում են Փարաջանովին, քանի որ մինչ նա ոչ ոք ուկրաինական ազգային էությունը չի բացահայտել։ «Փարաջանովը ֆենոմեն է, որը լինելով ազգային՝ միջազգային է, ինչը լուծում է այդ անպտուղ վեճը, թե ինչպես են դառնում միջազգային։ Ազգայինը մոռանալով՝ միջազգային չեն դառնում։ Ազգայինով են դառնում, բայց դրան պետք է գումարվի տաղանդը։ Տաղանդը պետք է ազգայինը տանի ու տա աշխարհին։ Այդ դեպքում աշխարհը զարմանքով կհայտնաբերի քեզ»,-հավաստիացնում է Դավիթ Մուրադյանը։
Նա ընդգծում է՝ Նունե Ալեքսանյանի գիրքը շարժում է մարդու միտքը, հնարավորություն է տալիս մտածել։
Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանի համար զարմանալի չի եղել, երբ Ալեքսանյանը հայտնել է նման գիրք կազմելու ցանկության մասին, քանի որ ինքը 14 տարի աշխատում է թանգարանում և կարող է փաստել, որ չի եղել որևէ միջոցառում, որին Նունե Ալեքսանյանը չանդրադառնա։ Նա թանգարանի և իր անունից շնորհակալություն հայտնեց գրքի ծնունդի համար՝ շեշտելով, որ այն սակավաթիվ հայալեզու գրքերից է, որն ընթերցողը կարող է ձեռք բերել։
Նունե Ալեքսանյանի «Սերգեյ Փարաջանով. հավերժական շարժում» գիրքը հրատարակել է «Վերնատուն»-ը: