Կառավարությունն աջակցություն կտրամադրի կոնյակագործներին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում կոնյակագործների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով կոնյակագործների բարձրացրած խնդիրներին:
«ՀՀ կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին ապահովեն խաղողի անխափան մթերումները: Այսինքն՝ մթերում–արտահանում տրամաբանությամբ մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք ներգրավված են այդ գործընթացում, կաջակցենք: Բայց պայմանը պետք է լինի խաղողի անխափան և պատշաճ որակի մթերման կազմակերպումը»,–ասաց Պապոյանը:
Անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան կոնյակի և ալկոհոլային այլ խմիչքների արտահանման գործընթացում վրացական կողմի հարուցած խոչընդոտներին՝ նախարարը հայտնեց, որ այդ հարցով շուտով հանդիպելու է կոնյակագործների հետ: Մեկ անգամ հրապարակային հանդիպում ևս ունեցել է նրանց հետ:
Նրա խոսքով՝ վրացական կողմի հետ որոշակի քննարկման արդյունքների ամփոփում ունեն: Կհանդիպեն, այդ հարցերը կքննարկեն նաև կոնյակագործների հետ:
«Կառավարությունը մեր խաղողագործներին, մեր գյուղացիներին, մեր ֆերմերներին, մեր կոնյակի սպիրտ արտադրողներին և պատրաստի կոնյակ արտահանողներին մենակ չի թողել և չի թողնի, և մենք որոշակի աջակցության մեխանիզմներ կունենանք»,–վստահեցրեց Պապոյանը:
Կոնյակ արտադրողներն ու բեռնափոխադրողները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ այդ թվում Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջ: Նրանք բարձրաձայնում են Վրաստանի տարածքով Ռուսաստան կոնյակի արտահանման գործընթացում անցակետում առաջացող խոչընդոտները: Ըստ նրանց՝ վրացական կողմում լաբորատոր ստուգում են իրականացնում, բեռնատարները շաբաթներով կանգնեցնում են: