Արժույթի միջազգային հիմնադրամն իրականացնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության նոր գնահատում
2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խմբի ղեկավար Մայքլ Էնդրյու Հարդիին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, հանդիպմանը քննարկվել է մայիսի 12-ից մեկնարկած՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Assessment Tool-TADAT) հիման վրա ՊԵԿ հարկային վարչարարության արդյունավետության գնահատման գործընթացը։ Փորձագիտական խումբը գնահատման գործընթացում, ընդհանուր առմամբ, դիտարկում է 2022-2024 թվականների ՊԵԿ գործունեությունը:
Ըստ աղբյուրի՝ ՊԵԿ նախագահը զրույցի ընթացքում կարևորել է իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով միջազգային առաջավոր փորձի հետ համադրելու արդյունքում համակարգի ձեռքբերումներն ու բացթողումները վերհանելու և զարգացման հետագա ուղղությունները նախանշելու անհրաժեշտությունը, հատկապես, ՊԵԿ ռազմավարական ծրագրերի մշակման ներկա փուլում։ Այնուհետև կողմերն անդրադարձել են իրականացվող վարչարարության յուրաքանչյուր ուղղության նախնական գնահատականներին՝ ընդգծելով ՊԵԿ գործունեության թափանցիկության և հանրային վստահության ամրապնդման կարևորությունը։
Նշվում է, որ Պետական եկամուտների կոմիտեում մեկնարկած բարեփոխումների շրջանակում՝ կոմիտեի նախաձեռնությամբ Արժույթի միջազգային հիմնադրամն իրականացնում է հարկային վարչարարության նոր գնահատում` հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի կիրառմամբ: