Շտապօգնության բժշկի հանդեպ ոտնձգություն կատարած անձը ձերբակալվել է
2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր:
«Բարեբախտաբար, միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել: Պարզվել է, որ ժամը 20.57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ 45-ամյա տղամարդը, ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ բժշկին պատմել է, թե ինչպես է կոտրել տան սանհանգույցը, հետո հանկարծ միջանցքից վերցրել է կացին, անկանոն շարժումներ արել ու նետել բժշկի ուղղությամբ։
Ժամը 22.55-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, և 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
«Ու սա վերջին շրջանում տեղի ունեցած նման դեպքերից ընդամենը հերթականն էր, երբ ամենամարդասիրական նպատակներով մեկնած մարդկանց դիմավորում են ընդգծված մարդատյացությամբ: Բայց խնդիրը, բարոյականից զատ, ունի նաև քրեաիրավական կողմ. սրանք որպես կանոն` քրեորեն պատժելի արարքներ են:
Հորդորում, բայց, նախ և առաջ, պահանջում ենք` մասնագիտական առաքելությունը կատարող անձանց նկատմամբ լինել առնվազն հարգալից, անհարկի չմիջամտել և չխոչընդոտել նրանց պրոֆեսիոնալ գործունեությունը, իսկ եթե կասկածներ ունեք, որ նրանք ինչ-որ հարցում, այնուամենայնիվ, թերացել են` ձեռնարկել միայն ու միայն օրինական, քաղաքակիրթ միջոցներ, այլապես քրեաիրավական հետևանքներն անխուսափելի են»,- հավաստում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը: