Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ 2025» միջազգային շրջանային մրցաշարը գրոսմայստերների ուժեղ կազմ է հավաքել
2 րոպեի ընթերցում

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում 2025 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 6-ը կանցկացվի Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ 2025» միջազգային շրջանային մրցաշարը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ակադեմիայից, աշխարհի շախմատային հանրության ուշադրության կենտրոնում արդեն 6-րդ տարին գտնվող 17-րդ կարգի ամենահեղինակավոր մրցաշարը այս տարի ևս կանցկացվի Ջերմուկ քաղաքում։
Մրցաշարին կմասնակցեն 10 գրոսմայստերներ, որոնք ընդգրկված են աշխարհի լավագույն 100 շախմատիստների շարքում՝ ըստ ՖԻԴԵ վարկանիշի։ Նրանց թվում են Ռամեշբաբու Պրագնանանդհան (համար 1)՝ ՖԻԴԵ-ի վարկանիշով աշխարհի 7-րդ շախմատիստը, և Արավինդ Չիտամբարամը, ով ըստ վարկանիշային աղյուսակի զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ ԱՄՆ-ը ներկայացնում է միջազգային գրոսմայստեր Սամուել Սևյանը։ Ուզբեկստանի պատվիրակն է Նոդիրբեկ Յակուբբոևը, իսկ Հունգարիան ներկայացնում է Բենջամին Գլեդուրան։ Դանիայից հանդես է գալու Յոնաս Բուլ Բյերրեն, Գերմանիայից՝ Դմիտրի Կոլլարսը, իսկ Չինաստանից՝ Սյու Սյանյուն։ Հայաստանը ներկայացնում են երկու ուժեղագույն գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արամ Հակոբյանը։
Միջոցառումը կհյուրընկալի «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրը, որը կդառնա մի քանի օրով համաշխարհային շախմատի կենտրոն։
Մրցաշարի կազմակերպիչներն են Հայաստանի շախմատի ակադեմիան և «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրը, որոնք ապահովում են մրցաշարի բարձր կազմակերպչական մակարդակն ու հարմարավետ միջավայրը մասնակիցների և հյուրերի համար։