Քաղաքականություն

Հունգարիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու շուրջ քննարկումներին

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու շուրջ քննարկումներին

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն անդրադարձել է տարածված լուրերին այն մասին, որ Հունգարիան արգելափակել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու մասին որոշումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետեր Սիյարտոն թեմային անդրադարձել է «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։  

Նա նշել է, որ Հունգարիան դեմ չէ Խաղաղության եվրոպական հիմնադրամից  Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելուն, սակայն հավելել է, որ բալանսը պահելու համար նույնքան օգնություն էլ պետք է հատկացվի Ադրբեջանին։ 

Սիյարտոն ասել է, որ Եվրամիությունը պետք է հաշվի առնի իրավիճակի անկայունությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցել են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ 

«Մեր խնդրանքն այն է եղել, որ Եվրամիությունը նույնչափ աջակցություն տրամադրի Ադրբեջանին։ Վերջին անգամ դա աշխատել է՝ 10 միլիոն եվրո հատկացվել է Հայաստանին, 10 միլիոն եվրո՝ Ադրբեջանին։ Այս անգամ էլ դա կարող է աշխատել»,- մանրամասնել է նա։

Սիյարտոն հայտարարել է, որ լավ քննարկում է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ, և ինքը պարզ ասել է, որ Հունգարիան կողմ է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելուն՝ նույնչափ օգնություն նաև Ադրբեջանին հատկացնելու դեպքում։ Նա նշել է, որ դա վերաբերում է Եվրամիության ցանկացած ռեսուրսից հատկացվող աջակցությանը։ 

«Եվ, եթե դա մեկ անգամ աշխատել է, կաշխատի նաև հիմա»,- եզրափակել է Սիյարտոն։ 

Ընթացիկ տարվա ապրիլին «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Հունգարիան ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստում արգելափակել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշումը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »