Մշակույթ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նոր ցուցադրության բացմամբ կտոնի «Թանգարանների գիշեր»-ը

3 րոպեի ընթերցում

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նոր ցուցադրության բացմամբ կտոնի «Թանգարանների գիշեր»-ը

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում մայիսի 17-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի է ունենալու «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված վարպետի ծննդյան 150-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանն ասաց՝ ցուցադրությանը յուրաքանչյուր այցելու կգտնի իր Իսահակյանին։ 

«Յուրաքանչյուրս բացահայտելու է իր Իսահակյանին՝ ավելի մտերիմ, ավելի ջերմ, ավելի մոտ։ Փորձել ենք այնպես անել, որ վարպետը հասանելի լինի և՛ փոքրերին, և՛ մեծերին, և՛ զբոսաշրջիկներին, այնպես անել, որ նրա հսկայածավալ ստեղծագործական ժառանգությունը և նրա հասարակական, քաղաքական ակտիվ գործունեությունը ընկալելի լինեն բոլորին»,-ընդգծեց նա։

Նույն օրը թանգարանի հուշային այգում նախատեսվում է ինստալյացիոն ծրագիր՝ «Հնար» արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ:

Անդրադառնալով Իսահակյանի 150-ամյակի առթիվ կազմակերպված այլ միջոցառումներին՝ Ավետիսյանն ասաց՝ մեծ շուքով են սկսել տոնել հոբելյանը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ  մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում (Friedrich-Ebert-Strasse 27) բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը: Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։ «Շուրջ մեկ շաբաթ Լայպցիգում իսահակյանական ոգին էր տիրում, նույնիսկ հանրային տրանսպորտում հայտարարություններ կային նրան նվիրված միջոցառումների, Իսահակյանի մասին, ինչը շատ կարևոր էր մեզ համար։ Տեղի ունեցավ նաև համերգային գեղեցիկ ծրագիր, որի ընթացքում վարպետի խոսքերի հիման վրա ստեղծագործություններ հնչեցին։ Հոբելյանը նաև նշանավորվեց «Աբու Լալա Մահարի» պոեմի գերմաներեն, հայերեն գրքի տպագրությամբ»,-նշեց տնօրենը։

Նա հայտնեց՝ տուն-թանգարանը տարվա ընթացքում կանցկացնի փոքրիկ և մեծահասակ այցելուների համար նախատեսված մի շարք միջոցառումներ, ունեն նաև ներառական և միջազգային ծրագրեր։ Համագործակցելու են Փարիզի ԻՆԱԼԿՕ համալսարանի հետ։ Երկու օր շարունակ այնտեղ իսահակյանական համաժողով է անցկացվելու, ներկայացվելու է «Վարպետը» անիմացիոն ֆիլմը։ «Աբու Լալա Մահարի» պոեմի ֆրանսերեն-հայերեն տարբերակի շնորհանդեսն է կազմակերպվելու։ «Միջոցառումների շարք է կազմակերպվելու նաև Վենետիկում, ինչը կարևոր է, քանի որ վարպետը շրջել է աշխարհի տարբեր երկրներում, թողել է իր հետքը տարբեր երկրների մշակույթում, ինչպես նաև իր հետ բերել է մշակութային ժառանգություն իր երկիր՝ գիտակցելով, որ դա շատ կարևոր է՝ լուսավորելու մեր հայ երիտասարդներին։ Նա 700 գերմանալեզու գիրք է բերել հայրենիք։ Մեր պարտքն է Իսահակյանի ժառանգությունը վերադարձնել Եվրոպա, տարբեր երկրներ, որտեղ նա շրջել է ու նորից հասանելի դարձնել բոլորին»,-եզրափակեց Ավետիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »