Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 19-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ընդգծելով երկու երկրների միջեւ խորացող համագործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հայտնել է երկկողմ բարեկամական հարաբերությունները նոր՝ ֆունկցիոնալ մակարդակի բարձրացնելու ցանկության մասին՝ առաջարկելով դիտարկել Հայաստանի ու Կիպրոսի միջեւ ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը, ինչն իր հերթին ողջունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը: 

Կողմերը հանգամանալի անդրադարձել են նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերին եւ երկկողմ հետաքրքրության այլ թեմաների: Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ Կիպրոսի հայ համայնքի գործունեությանը եւ երկու երկրների միջեւ եղբայրական հարաբերություններում դրա ունեցած առանցքային դերին:

Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրները՝ այդ համատեքստում ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդեն համաձայնեցված համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին՝ կարեւորելով նաեւ անհետ կորած զինծառայողների հարցը:

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը եւ Անիտա Դիմիտրիուն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Խորհրդարանների ղեկավարների հանդիպումը եզրափակվել է խորհրդանշական ծառատունկով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »