Գիտություն

Բժշկության և աստղագիտության առավել արդյունավետ համագործակցությունն իսկապես կարևոր է. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն

4 րոպեի ընթերցում

Բժշկության և աստղագիտության առավել արդյունավետ համագործակցությունն իսկապես կարևոր է. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն

2025 թվականը Արեգակի առավելագույն ակտիվության հերթական տարին է: Այսպիսի ժամանակաշրջանները սովորաբար ռիսկային են սրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց համար, որոնք ավելի զգայուն են նման երևույթների նկատմամբ: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն, արձագանքելով

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին, որոշ մանրամասներ է ներկայացրել «մեր» լուսատուի բռնկուն խառնվածքի առանձնահատկությունների մասին: 

Մոդելային հաշվարկների համաձայն՝ այս տարի արեգակնային ակտիվության հերթական գագաթնակետն է լինելու: Գիտնականները ներկայացնում են տարբեր սցենարներ, սակայն մեծամասնության գնահատմամբ՝ Արեգակի «խենթությունները» առավելագույնս դրսևորվելու են գարնանը և ամռանը: 

«Այս տարի իսկապես արևի ակտիվության բարձրակետն է, որը գրանցվում է 11-ամյա պարբերականությամբ: Այդ ընթացքում նրա ակտիվությունը մերթ ուժեղանում է, մերթ թուլանում: Դա, ի դեպ, կանոնավոր երևույթ չէ. 11 տարին միջինացված թիվ է: Մի փուլում ակտիվության գագաթնակետը կարող է գրանցվել 10, մյուսում՝ 12 տարվա ընդմիջմամբ: Ընդ որում, եթե հաշվի առնենք նաև երկրագնդի մագնիսական բևեռների փոփոխությունների շրջանը, ապա կստանանք 22 տարի: Այդ ընթացքում մագնիսական դաշտն անընդհատ փոխում է ուղղությունը, սակայն Արեգակի ակտիվության գագաթնակետի շրջափուլը միջինում 11 տարի է»,- նշեց Արեգ Միքայելյանը: 

Ըստ այդմ, ի՞նչ կարող է տեղի ունենալ այս տարի: 

«Կարող ենք սպասել արեգակնային ուժգին բռնկումներ, ջերմաստիճանի բարձրացում: Այնուհետև, Արեգակի ակտիվությունը հետզհետե կնվազի և 5-5.5 տարի հետո կհասնի ամենացածր մակարդակին: Հետո նորից կսկսվի այս շրջապտույտը»,- ներկայացրեց գիտնականը:

Հարցին, թե Արեգակի ակտիվությունն իսկապե՞ս անդրադառնում է մարդկանց ինքնազգացողությանը և ինչպե՞ս է դա դրսևորվում՝ ստացանք հետևյալ պատասխանը.

«Համարվում է, որ արեգակնային ակտիվության գագաթնակետի շրջանը շատ ծանր են տանում որոշ հիվանդություններ, հատկապես՝ սրտանոթային խնդիրներ ունեցող մարդիկ: Նույնիսկ հաճախակի են դառնում կաթվածների դեպքերը: Այս առումով հաճախ եմ նշում բժշկության և աստղագիտության առավել արդյունավետ համագործակցության և հատուկ ուսումնասիրությունների անհրաժեշտության կարևորության մասին»: 

Արեգ Միքայելյանը հիշեցրեց, որ արևի ակտիվությունը մանրամասն ուսումնասիրվել է դեռ 1800-ական թվականների կեսին: Նրա խոսքով՝ մարդու առողջության վրա տիեզերական երևույթների ազդեցությունը Հայաստանում ուսումնասիրում է իրանցի մի ասպիրանտ, մինչդեռ այս ուղղությունն ունի ավելի ընդգրկուն և խորքային հետազոտության կարիք:

«Իրականում աստղաբանությունը, որը միշտ հերքում ենք, ունի նաև ռացիոնալ հատիկ, որը պետք է լրջորեն ուսումնասիրվի: Չպետք է սահմանափակվենք ենթադրություններով՝ հայտարարելով, որ տիեզերական մարմիններն ազդում են մարդու վրա, ինչպես նաև հորոսկոպներ հորինելով: Դրանք որևէ լուրջ հիմք չունեն: Փոխարենը, պետք է հասկանալ, թե ինչպես է դրսևորվում այդ ազդեցությունը, կոնկրետ ո՞ր հիվանդությունների դեպքում: Ի դեպ, արեգակնային ակտիվությունն ավելի շատ է ազդում, օրինակ, արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց վրա: Նշածս ուղղությամբ ուսումնասիրություններն իսկապես պահանջված են, որովհետև անմիջականորեն առնչվում են մարդկանց առողջությանը և կյանքին»,- եզրափակեց Արեգ Միքայելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »