Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին կազմակերպել է ուսուցողական արշավ
1 րոպեի ընթերցում

Երեխաների պաշտպանության օրը Ներքին գործերի նախարարությունը վերածել է իսկական տոնի։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, փոքրիկները հնարավորություն ունեցել ոչ միայն ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացնելու, այլև սովորելու՝ ինչպիսին պետք է լինի իրավապահ, խելացի և հոգատար քաղաքացին։
««Փոքրիկ ոստիկան» գոտում օրվա հերոսներն իմացան՝ ինչպես պետք է անցնել փողոցը, նաև սեփական ու շրջապատի անվտանգության պահպանման հիմնարար սկզբունքները։
«Փոքրիկ փրկարար» գոտում ծանոթացան առաջին բուժօգնության կանոններին, սովորեցին ճիշտ արձագանքել տարբեր իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել ուրիշներին։
Իսկ «Փոքրիկ քաղաքացի» գոտին լի էր առաջին անգամ անձնագրային ծառայություններից օգտվող փոքրիկներով։ Երեխաները ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում հետևեցին նույնականացման քարտի պատրաստման և տրամադրման ընթացքին՝ ծանոթանալով Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի դառնալու գործընթացին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվել է խաղերով, գլուխկոտրուկներով, նվերներով և անակնկալներով, որոնք երեխաների օրը դարձրել են անմոռանալի ու տպավորիչ։