Մարզեր

Գեղարքունիքի մարզի դպրոցականները հանդիպումներ են ունեցել «Քո արվեստը դպրոցում» հանրապետական կրթամշակութային ծրագրի շրջանակներում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի դպրոցականները հանդիպումներ են ունեցել «Քո արվեստը դպրոցում» հանրապետական կրթամշակութային ծրագրի շրջանակներում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը համատեղ անցկացնում են «Քո արվեստը դպրոցում» հանրապետական կրթամշակութային ծրագիրը, որի շրջանակում իրականացվել են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակներում այս տարի առաջին հանդիպում-դասախոսությունը Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել մայիսի 20-ին՝ Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, որտեղ հանդիպմանը մասնակցել են Գավառի տարածաշրջանի բոլոր դպրոցների բարձր դասարանների աշակերտները։ Նրանք հյուրընկալել են թատերարվեստի ներկայացուցիչ Փառանձեմ Սահակյանին։ 

Մարզում հաջորդ հանդիպումը կայացել է մայիսի 21-ին։ Սևանի տարածաշրջանի դպրոցականները Սևանի Մ․ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում հանդիպում են ունեցել կինոարվեստի ներկայացուցիչ Արամ Դովլաթյանի հետ։ 

Վերջին հանդիպում-դասախոսությունը Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել մայիսի 22-ին, որի ընթացքում Մարտունու տարածաշրջանի դպրոցականները Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի Ա․ Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում հանդիպում են ունեցել պարարվեստի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանի հետ։ 

Հանդիպում-դասախոսությունները ունեցել են հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ զրույցների ընթացքում բացահայտվել են արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։ 

Թեմաների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով աշակերտների տարիքային խմբերի հետաքրքրություններն ու առանձնահատկությունները։ 

Հանդիպումներն ուղեկցվել են շնորհանդեսներով, երաժշտական կատարումներով, ստեղծագործությունների հատվածային դիտումներով, գրական ընթերցումներով։ 

Հանդիպումներն ավարտվել են  հարցուպատասխաններով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »