Տեսանյութ

Ճանապարհաշինության ոլորտում ամենաթանկ և կարևոր նախագծերն իրականացվում են Սյունիքի մարզում․ ՏԿԵ նախարար

7 րոպեի ընթերցում

Հայաստանի համար ռազմավարական և տնտեսական մեծ նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ ավտոճանապարհին միացող Խնձորեսկի և Ներքին Խնձորեսկի հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ 

Կապալառուն  «Ոսմար» ընկերությունն է, նախագծողը՝ «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունն իրականացնում է «ՀԱԼԴԻ Քոնսալթ» ընկերությունը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 2,314,453,383 դրամ է, հիմնանորոգվող հատվածի ընդհանուր երկարությունը 10,1 կիլոմետր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր աշխատանքային նախագծով նախատեսված է իրականացնել երթևեկելի մասի հիմնանորոգում, մայթերի կառուցում, հենապատերի և արհեստական կառուցվածքների կառուցում, վերանորոգում և ճանապարհի  կահավորում։ Շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են: 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկայացվում է հիմնանորոգվող ճանապարհների մի մասը, որոնք գտնվում են Սյունիքի մարզում։ 

«Ընտրել ենք Սյունիքը, որովհետև այստեղ են Հյուսիս-հարավ ճանապարհի հիմնական հատվածները, որտեղ ընթացքի մեջ են նաև թունելների կառուցման աշխատանքները։ Առաջիկայում կմեկնարկեն նաև նոր ծրագրեր։ Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ գյուղերն իրար կապող ճանապարհը նախկինում գրեթե անանցանելի էր, նշված համայնքների բնակիչները երթևեկում էին դժվարությամբ։ Հիմա ընթանում են ասֆալտի առաջին շերտի տեղադրման աշխատանքները, որի հաստությունը 6 սանտիմետր է։ Նախատեսվում է ևս 5 սանտիմետրանոց վերին շերտ տեղադրել, ինչից հետո ճանապարհը կգծանշվի, կկահավորվի երթևեկության նշաններով և կհանձնվի շահագործման 2025 թվականի ընթացքում»,- տեղեկացրեց Խուդաթյանը։

Նախարարը հավելեց, որ կան ճանապարհներ, որոնց շինարարությունն արդեն ավարտված է, իսկ վճարումները կատարվել են լաբորատոր փորձարկումներից հետո։ Կան նաև այնպիսի ճանապարհներ, որտեղ թերությունների վերացումից հետո միայն դրանք կհանձնվեն շահագործման և կկատարվեն վճարումներ։ Այդպիսի ճանապարհների թիվը 26 է։ 

«Մեր մոտեցումը հետևյալն է․ բոլոր ճանապարհների նմուշառումները, որոնք կառուցվում են պետբյուջեի այս կամ այն չափի մասնակցությամբ, կատարվում են նաև ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում։ Թեև շինարարներին տրված է ընտրության հնարավորություն, որպեսզի նրանք էլ այլ լաբորատորիաներից ներկայացնեն եզրակացություններ, բայցևայնպես մենք՝ որպես հիմնական պատվիրատու և ոլորտի քաղաքականություն մշակող, 2025 թվականին մեր ամբողջ ճանապարհային ցանցի համար հենց ինքներս ենք ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայով նմուշառումներ անում՝ ավելացնելով նշված կառույցի կարողությունները։ Այդ ամբողջը պատշաճ իրականացնելու դեպքում 2025 թվականին ճանապարհային նորոգման աշխատանքներում նկատելի կլինեն որակական զգալի փոփոխություններ»,- ասաց ՏԿԵ նախարարը։ 

Խուդաթյանի բնորոշմամբ՝ կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ խնդիրներ, դրանք բոլորն ընդունվում են ի գիտություն և դրանց լուծումն իրականացվում է ինստիտուցիոնալ ճանապարհով։ Ըստ նրա՝ որտեղ կան խնդիրներ, հիմնականում մեղավոր են կապալառու ընկերությունները, թեև կան հատվածներ, որտեղ իրականացման հետ կապված լուծումները ճիշտ չեն ընտրվել, ուստի այժմ իրականացվում է պատշաճ հսկողություն և՛ բուն շինարարական գործընթացի, և՛ նախագծման աշխատանքների նկատմամբ։ Փորձ է արվում տեղանքին համապատասխան տալ ճիշտ նախագծային լուծումներ, որպեսզի հետագայում շինարարների համար բարդություններ չառաջանան։  

«Քանի որ ճանապարհային քաղաքականության մշակման ամբողջ ոլորտը ՏԿԵ նախարարության համակարգման տիրույթում է, հետևաբար մենք գործընկերների հետ հիմա մշակում ենք օրենսդրական նախագիծ, որը հնարավորինս կբացառի գերբեռնված մեքենաների առկայությունը ՀՀ ճանապարհներին։ Նման մեքենաներն իսկապես խնդրահարույց են, որովհետև որոշ ճանապարհներ քանդվել են գերբեռնված բեռնատարների երթևեկության պատճառով։ Այդուհանդերձ, տվյալ խնդիրը նույնպես լուծելի է»,- նշեց Խուդաթյանը։ 

Նախարարի խոսքով՝ կան լուծումների մի քանի տարբերակներ՝ ներառյալ գործառույթների բաշխումը վերահսկողության մասով, ինչպես նաև ճանապարհային կշեռքների քանակի ավելացումն ու բեռնատարների կահավորումը GPS-ներով, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակում բեռնատարների շարժի մասին ստանալ անհրաժեշտ տեղեկություններ։  

«Տվյալ հատվածում հետխորհրդային տարիներին ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել։ Մեր նպատակն է յուրաքանչյուր տարի պետական բյուջեի միջոցներով 500 կիլոմետր ճանապարհ կառուցել ու ևս 200 կիլոմետր կառուցել պետական համաֆինանսավորման ծրագրով։ Համայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգումն էականորեն բարեփոխել է ճանապարհային ցանցը։ 2018 թվականից հետո ավելի քան 4000 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել, նորոգել ու հիմնանորոգել։ Հեղափոխությունից հետո կառուցված, շահագործման հանձնված և ամբողջովին վճարված ոչ մի ճանապարհ չկա, որտեղ անհրաժեշտություն է առաջացել երկրորդ անգամ նորոգման աշխատանքներ իրականացնել։ Խոսքը յոթ տարվա ճանապարհների մասին է, որոնց շինաշխատանքներն ընդունվել են պետության կողմից»,- տեղեկացրեց ՏԿԵ նախարարը։   

Ըստ նրա՝ որտեղ գնումների մեխանիզմը պետությանը թույլ է տալիս կապալառու ընկերությանն արգելել մասնակցելու հետագա գնման գործընթացին, գերատեսչությունը գնում է այդ ճանապարհով, իսկ որտեղ թերությունների շտկումից հետո աշխատանքը պետության համար դառնում է ընդունելի, նույն կապալառուները մասնակցում են նոր մրցույթների։ Խուդաթյանի պնդմամբ՝ վերջին տարիներին առկա է ճանապարհաշինարարների կարողությունների էական բարելավում։ Էականորեն թարմացվել է նաև կառուցապատում իրականացնող ընկերությունների ավտոպարկը։ Պետությունն իսկապես այս բնագավառում տալիս է մեծ պատվերներ, որոնք ունեն տարիների պլանավորում։ Շինարարներն էլ վստահ են, որ եթե անհրաժեշտ ներդրում անեն իրենց տեխնիկական ու մասնագիտական հմտությունների բարելավման գործում, ապա նրանց հետ կլինի երկարաժամկետ համագործակցություն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »