Տավուշում սահմանամերձ գյուղերի ջրամբարներում ձկների անկման պատճառը ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն են. ԲԸՏՄ
1 րոպեի ընթերցում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Տավուշի մարզպետի աշխատակազմից ահազանգ էր ստացել Հախումի (Պառավաքարի) և Բերքաբերի (Ջողազի) ջրամբարներում նկատված անկած ձկների վերաբերյալ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում ջրամբարներից կատարվել են ջրերի նմուշառումներ, իսկ անկած ձկների խմբաքանակներն ուղարկվել են ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ։
ԲԸՏՄ լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ ջրամբարների ջրերում քիմիապես աղտոտվածություն չի հայտնաբերվել։
ՍԱՏՄ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների արդյունքներով՝ ձկների անկման պատճառ են հանդիսացել ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն ու հարուցիչները, որոնք մարդու կյանքի և առողջության համար վտանգ չեն ներկայացնում։