Պակիստանում դպրոցական ավտոբուսի վրա մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով կա 5 զոհ, գրեթե 40 վիրավոր
1 րոպեի ընթերցում

Պակիստանի Բելուջիստանի նահանգում մահապարտն իրեն պայթեցրել է դպրոցական ավտոբուսում, որի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ 38 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
Ավտոբուսը, որում գտնվում էր շուրջ 40 դպրոցական, պայթել է տեղական ժամանակով 07։40-ին՝ Խուզդար քաղաքի մերձակայքում։ Ավտոբուսում գտնվող երեխաները բանակի կողմից կառավարվող դպրոցի աշակերտներ են։ Լրատվամիջոցը, վկայակոչելով նահանգի իշխանություններին, նշում է, որ նրանցից շատերը զինվորական պաշտոնյաների երեխաներ են։
Պակիստանի զինվորականները միջադեպից կարճ ժամանակ անց հարձակման մեջ մեղադրել են «հնդկական պրոքսիներին»՝ առանց այս պնդման համար որևէ ապացույց ներկայացնելու։ Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
CNN-ը հիշեցնում է, որ Բելուջիստանում խռովարարները տարիներ շարունակ պայքարում են քաղաքական ինքնավարության համար։ Մարտին Բելուջիստանում անջատողականները գնացք էին գրավել՝ պատանդ վերցնելով 350 մարդու, որոնցից 27-ը սպանվել էին։