Թուրքիա

Զելենսկին հայտնել է, որ Ստամբուլում 4 պատվիրակությունների հանդիպումը կկայանա երեկոյան կամ մայիսի 16–ին

2 րոպեի ընթերցում

Զելենսկին հայտնել է, որ Ստամբուլում 4 պատվիրակությունների հանդիպումը կկայանա երեկոյան կամ մայիսի 16–ին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ստամբուլում Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը կարող է տեղի ունենալ մայիսի 15–ի երեկոյան կամ մայիսի 16–ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Ukrinform–ը՝ Զելենսկին այս մասին ասել է մամուլի ասուլիսում: 

«Մենք պատրաստ ենք դրան։ Պատվիրակությունն արդեն ուղարկվել է և լիովին պատրաստ է։ Թուրքիայի պատվիրակությունը պատրաստ է և պատրաստվում է մեկնել։ Ամերիկյան պատվիրակությունը մասամբ ներկա է, մնացածը ճանապարհին են։ Հանդիպումը կարող է տեղի ունենալ այսօր երեկոյան կամ վաղը։ Մենք մեր պարտավորությունը կատարել ենք, բոլոր կողմերը հիմա սպասում են ռուսական կողմին», - հայտարարել է Զելենսկին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել էր, որ Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատանքի: 

Ստամբուլում մայիսի 15-ին նախատեսված են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները, որոնց մեկնող ռուսական պատվիրակության կազմը հայտնի է դարձել միայն մայիսի 14-ի ուշ երեկոյան։ ՌԴ պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ 

Ռուսական կողմի հետ բանակցություններին կմասնակցեն Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և նախագահի խորհրդական Իգոր Ժովկվան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »