Իրան

Թեհրանը և Վաշինգտոնը պայմանավորվել են շարունակել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ

2 րոպեի ընթերցում

Թեհրանը և Վաշինգտոնը պայմանավորվել են շարունակել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ

Իրանը և Միացյալ Նահանգները կշարունակեն բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն այդ քննարկումներում Իրանը շարունակում է զգուշավորություն պահպանել՝ հաշվի առնելով «պատմական նախադեպը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին IRNA լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Հաշվի առնելով ԱՄՆ-ի հայտարարությունների ու գործողությունների միջև արձանագրված անհամապատասխանությունները՝ Իրանն իրեն իրավունք է վերապահում ծայրահեղ զգոնության կեցվածք ընդունել», - գործակալությանը հայտնել է Բաղային։ 

Արձագանքելով այն պնդումներին, թե երկու երկրների միջև անուղղակի բանակցությունները կանգնել են փակուղու առջև՝ խոսնակը նշել է, որ բանակցային գործընթացում տատանումները նորմալ են, սակայն Իրանի և ԱՄՆ-ի միջև քննարկումները բախվում են հետագա խոչընդոտների՝ տասնամյակների անվստահության պատճառով։

Բաղային հավելել է, որ Օմանի արտաքին գործերի նախարարությունը, հանդես գալով որպես միջնորդ, երկու կողմերի հետ խորհրդակցելով վերջնականացնում է բանակցությունների հինգերորդ փուլի շուրջ պայմանավորվածությունները. հաջորդ հանդիպման ժամանակն ու վայրը կհայտարարվի ավելի ուշ։

Իսկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ բանակցությունների ընթացքում չի քննարկվում Իրանի միջուկային ծրագրի կասեցումը։

«Մեր միջուկային ծրագիրն, անշուշտ, լրջությամբ կշարունակվի», - ասել է նա։ 

Իրան-ԱՄՆ բանակցությունների 4-րդ փուլը տեղի է ունեցել Օմանի մայրաքաղաք Մասկատում մայիսի 11-ին։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »