Եվրոպա

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մաքսատուրքերի շուրջ համաձայնության են հասել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մաքսատուրքերի շուրջ համաձայնության են հասել

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մայիսի 8-ին կհայտարարեն ամերիկյան մաքսատուրքերի նվազման շուրջ համաձայնագրի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Լրատվամիջոցը նշում է, որ ըստ էության, Մեծ Բրիտանիան առաջին երկիրն է, որ նման համաձայնության է հասել ԱՄՆ վարչակազմի հետ, ինչը մեծ ձեռքբերում է Քիր Սթարմերի կառավարության համար։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 7-ին հայտարարել էր, որ «շատ հարգված երկրի հետ առևտրային խոշոր համաձայնագրի» մասին կհայտարարվի մայիսի 8-ին տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մայիսի 8-ի առավոտյան նույնպես ակնարկել է Վաշինգտոնի հետ համաձայնության հասնելու մասին։

«Ինչպես գիտեք, ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են, և այսօր ավելի ուշ դուք ավելի շատ տեղեկություն կստանաք ինձնից այդ մասին», - ասել է Սթարմերը։

Ավելի վաղ Դաունինգ Սթրիթը նույնպես հաստատել էր, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության մասին հայտարարություն կարվի մայիսի 8-ին։

ԱՄՆ նախագահը մեծ մաքսատուրքեր էր սահմանել իր առևտրային գործընկերների նկատմամբ, սակայն 90 օրով կասեցրել էր դրանց գործողությունը՝ բանակցություններ վարելու ժամանակ տրամադրելու համար։ Այժմ երկրների մեծ մասից ներմուծվող ապրանքների համար գործում են 10% բազային մաքսատուրքեր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »