Ադրբեջան

Ադրբեջանցի պատգամավորին արգելել են մուտք գործել Ռուսաստան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի պատգամավորին արգելել են մուտք գործել Ռուսաստան

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովին Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել են և թույլ չեն տվել մեկնել Աստրախան, որտեղ պատգամավորը պետք է մասնակցեր Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է 1news.az-ը, Ազեր Բադամովը ռուսական պատվիրակության կազմում հրավիրված է եղել Աստրախան՝ մասնակցելու Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին,  սակայն Մոսկվայի օդանավակայանում նրան տեղեկացրել են, որ նրա մուտքը Ռուսաստան արգելված է։ 

Նշվում է, որ որևէ այլ պարզաբանում ադրբեջանցի պատգամավորին և ադրբեջանական պատվիրակությանը չի ներկայացվել։ 

Բադամովը Մոսկվայից վերադարձել է Բաքու։ 

Միջադեպին անդրադարձել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ 

«Այո, իսկապես նման դեպք եղել է։ Նշենք, որ պատվիրակությանը այցը Աստրախան քաղաք, որի կազմում է եղել նաև պատգամավոր Ազեր Բադամովը, կազմակերպվել է Աստրախանի մարզի փոխնահանգապետ Դենիս Աֆանասևի կողմից՝ մասնակցելու Հեյդար Ալիևի 102-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Չնայած այն հանգամանքին, որ պատվիրակությունը Բաքվից թռել է Մոսկվա, ռուսական կողմն առանց որևէ նախազգուշացման Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել է Ազեր Բադամովին՝ հայտարարելով, որ նրա մուտքը Ռուսաստան արգելված է։ Նրան որոշ ժամանակ օդանավակայանում պահելուց հետո վերադարձրել են մեր երկիր»,-ասված է Ադրբեջանի ԱԳն-ի պարզաբանման մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ռուսաստանում իր դեսպանատան միջոցով կապվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ հարցը կուսումնասիրվի, սակայն որոշման պատճառների վերաբերյալ բացատրություններ չի տվել։ 

«Կարծում ենք, որ ռուսական կողմի այս որոշումը ոչ բարեկամական քայլ է, Ռուսաստանից այս հարցի վերաբերյալ պարզաբանումների ենք սպասում»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »