Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 րոպեի ընթերցում
Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով եզրափակվեց ամենամյա ավանդական ջահերով երթը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ջահերով երթն այս տարի անցկացվեց «Մի' ուրացիր» խորագրի ներքո, իսկ երթի մասնակիցների ձեռքերում, ջահերից բացի, կային նաև Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անուններով ցուցանակներ։
Երթի կազմակերպիչները նշեցին, որ ջահերով երթն արդարության համար շարունակվող պայքարի խորհրդանիշն է։
Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից Ամիրյան փողոցով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղից էլ Կիևյան փողոցով հասան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված երթն ամեն տարվա նման ավարտվեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհելով:
Ջահերով երթը հայ ժողովրդի պահանջատիրությունը խորհրդանշող ամենամյա միջոցառում է: