Հակոբ Սիմիդյանն ու Ալեսսանդրո Ֆերրանտին քննարկել են բնապահպանության ոլորտում Հայաստան-Իտալիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները
2 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է համատեղ ծրագրերի և փորձի փոխանակման խթանումը՝ հաշվի առնելով Հայաստանի և Իտալիայի միջև առկա փոխվստահության մթնոլորտը և ընդհանուր օրակարգային մարտահրավերները։
«Դեսպանին եմ ներկայացրել ՀՀ կառավարության կողմից շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հատկապես ընդգծելով 2026 թվականին Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նշանակությունը։ Անդրադարձել ենք հնարավոր համագործակցությանը համաժողովի նախապատրաստական գործընթացում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել Հակոբ Սիմիդյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Իտալիայի շրջակա միջավայրի անցումային նախարարության միջև 2021 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրին, որը հիմք է ծառայում բնապահպանական տարբեր ուղղություններով համատեղ նախաձեռնությունների զարգացման համար։
ՀՀ ՇՄ նախարարը հանդիպումը կարևոր քայլ է համարում երկրների միջև բնապահպանական ոլորտում երկխոսության խորացման և երկարաժամկետ համագործակցության հնարավորությունների վերհանման ճանապարհին: