Սպորտ

Մեկնարկել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա»-ի միջմարզային փուլը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա»-ի միջմարզային փուլը

Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի միջմարզային փուլը: Այն անցկացվում է 5–6-րդ և 7–9-րդ դասարանների թիմերի միջև՝ 6 մարզում, 6 ենթախմբով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջմարզային փուլի մրցումները կանցկացվեն Արթիկ, Գավառ, Վանաձոր, Աշտարակ, Էջմիածին, Վայք համայնքներում և կտևեն մինչև մայիսի 30-ը:

Մրցումներին երկու տարիքային խմբերով մասնակցում են շուրջ 60 դպրոցների թիմեր՝ Երևանից և մարզերից։

Ըստ կանոնակարգի՝ խաղերն անցկացվում են 2 տարիքային խմբերով՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ) դպրոցականների թիմերի միջև՝ 4 փուլով: Մինչև 50 աշակերտ ունեցող դպրոցներին հնարավորություն է ընձեռվել երեք դպրոցով մեկ միասնական թիմ ձևավորել:

Մրցաշարի եզրափակիչը կանցկացվի Երևանում հունիսի 16-22-ը՝ 16 թիմի միջև: 

«4-րդ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվում են ԿԳՄՍՆ հավաստագրով, գավաթով, մեդալով և դրամական պարգևով: 

1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվում է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75,000-ական դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզչության և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »