Մերձավոր Արևելք

Թրամփը ժամանել է Աբու Դաբի

2 րոպեի ընթերցում

Թրամփը ժամանել է Աբու Դաբի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օդանավն էմիրաթական կործանիչների ուղեկցությամբ ժամանել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Աբու Դաբի հեռուստաալիքը։

Օդանավակայանում Թրամփին դիմավորել է ԱՄԷ նախագահ Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանը։ 

Թրամփին դիմավորել են ազգային երգ ու պարով։

Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների առաջնորդները զրույց են ունեցել, որից հետո օրակարգի համաձայն՝ Թրամփը մեկնել է  Շեյխ Զայիդի մեծ մզկիթ։

Առաջիկա ժամերի ընթացքում դիմավորման պաշտոնական արարողություն տեղի կունենա Կասր ալ-Ուատան նախագահական պալատում։

Այցի ընթացքում Թրամփը ներկա կգտնվի ԱՄԷ-ԱՄՆ տնտեսական ֆորումին, որին կմասնակցեն երկու կողմերի բիզնես առաջնորդներ։

Թրամփն իր այցը կամփոփի պաշտոնական ընթրիքով, որին կմասնակցեն երկու կողմից հայտնի անձինք։

Սա ԱՄՆ նախագահի առաջին այցն է ԱՄԷ 17 տարվա ընթացքում, իսկ նախագահի պաշտոնում՝ ընդհանրապես առաջին այցը։ Ըստ էմիրաթական հեռուստաալիքի՝ այս այցելությունը հաստատում է Արաբական Միացյալ Էմիրությունների և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության խորությունը և արտացոլում է համատեղ հանձնառությունը՝ խթանելու խաղաղությունը, ամրապնդելու անվտանգությունն ու բարգավաճումը տարածաշրջանում։

Մայիսի 15-ին ԱՄԷ այցով Դոնալդ Թրամփը կավարտի իր մերձավորարևելյան շրջագայությունը, որը ներառել է այցելություններ նաև Սաուդյան Արաբիա և Կատար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »