ՀՀ և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ
2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 13-ին հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԽ նախարարական նստաշրջանի շրջանակներում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև բարեկամության և ձևավորված փոխշահավետ գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։
Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը մտքեր են փոխանակել ԵՄ և ԵՄ հարևանությամբ զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ Գործընկերության նոր օրակարգի ստորագրումը նոր կարևոր հանգրվան կլինի ԵՄ և անդամ պետությունների հետ ՀՀ համագործակցության ընդլայնման ճանապարհին։
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, որոնք տեղի են ունենում ներկա աշխարհաքաղաքական անորոշումների պայմաններում։
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման հարցում ՀՀ վճռականությունը։