Կան գործիքներ, որոնք կարող են օգնել ՀՀ դատավորների միությանը՝ խնդիրները լուծելու համար. Դատավորների միջազգային միության նախագահ
3 րոպեի ընթերցում

Կան արդյունավետ գործիքներ, որոնք կարող են օգնել ՀՀ դատավորների միությանն՝ իր առջև ծառացած խնդիրները լուծելու համար, առավել ևս: Կան նաև միջազգային չափանիշներ, որոնցով ճանաչվում են Մարդու հիմնարար իրավունքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Երևանում կազմակերպված համաժողովում հայտնեց Դատավորների միջազգային միության նախագահ Դուրո Սեսան։
«Բոլոր երկրներում բոլոր քաղաքացիների համար սահմանված իրավունքների պաշտպանության խնդիրը վերաբերում է նաև դատավորներին։ Մեր միության գործունեությունը միտված է երաշխիքներ ապահովելուն, և այդ ճանապարհին սերտորեն համագործակցում ենք Դատավորների միջազգային միության անդամ երկրների հետ։ Առանց ազգային կազմակերպությունների ազատ արտահայտվելու իրավունքի՝ միջազգային ու եվրոպական կառույցները չեն կարող գոյություն ունենալ, քանի որ խոսքը մեկ միասնական և ընդհանուր իրավական ընտանիքի մասին է։ Դատավորները նույնպես պետք է ներկայացնեն իրենց շահերը, խթանեն ու ամրապնդեն դատական համակարգի անկախությունը»,- ասաց Դուրո Սեսան:
Նրա պնդմամբ՝ նման միությունների գերնպատակը քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, ուստի այդ առաջնահերթությունն ամրագրված է նաև Դատավորների միջազգային խարտիայում։
«Դատավորները պետք է անկաշկանդ խորհրդակցեն հատկապես օրենքների կիրառելիության հարցում, արդարադատության հետ կապված այլ հարցերում, որպեսզի կարողանան պաշտպանել նաև իրենց իրավաչափ շահերը՝ լինելով անկախ։ Դատավորների կարգավիճակին առնչվող եվրոպական խարտիայում նույնպես ամրագրված է այն թեզը, որ պետություններն ունեն երկու հիմնական պարտավորություններ. մեկն այն է, որ չպետք է միջամտեն դատական իշխանության գործերին և մասնագիտական կազմակերպությունների աշխատանքին, իսկ մյուսն այն է, որ պետք է ամեն ինչ անեն դատավորների իրավունքների իրացման առումով։ Մեր նման միությունները թշնամի չեն, ուստի չպետք է դիտարկվեն որպես հակառակորդ, և պետությունները պետք է զերծ մնան նրանց գործունեությունը սահմանափակող քայլերից»,- ասաց Դուրո Սեսան։
Նրա դիտարկմամբ՝ վերոհիշյալ իրավունքները հենց այնպես հասանելի չեն, ուստի շատ կարևոր է այն հանգամանքը, որ դատավորները պատրաստ են աշխատել հանուն արդարադատության, իսկ միջազգային դատական կազմակերպությունները պատրաստ են օգնել ազգային կառույցներին՝ նրանց առջև ծառացած խնդիրները լուծելու համար։