Վերլուծություն

Փեզեշքիանի այցի ընթացքում Իրանի հետ բանակցություններում Ադրբեջանը կփորձի շահարկել այսպես կոչված միջանցքի հարցը. իրանագետ

6 րոպեի ընթերցում

Փեզեշքիանի այցի ընթացքում Իրանի հետ բանակցություններում Ադրբեջանը կփորձի շահարկել այսպես կոչված միջանցքի հարցը. իրանագետ

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը կարծում է, որ Իրանը ձգտում է լուծել տարածաշրջանային խնդիրները՝ դրսևորելով խորիմաստ և ճկուն դիվանագիտություն, և այդ մոտեցումը ցուցաբերվում է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էմմա Բեգիջանյանն անդրադարձավ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Բաքու կատարած այցին, որի ընթացքում արդեն իսկ կայացել է Իրանի նախագահի հանդիպումն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Բացի այդ, սպասվում են նաև հանդիպումներ գործարարների, գիտնականների և Ադրբեջանում բնակվող իրանցիների հետ։ 

«Իրան-Ադրբեջան հարաբերությունները միշտ էլ լինելու են մեծ ելևէջներով։ Հիմա փոխգործակցությունը թևակոխել է նոր փուլ, և հարաբերություններն ընթանում են կայունացման, բարելավման ու սերտացման ճանապարհով, թեև Իրանում շրջանառվում է նաև այն տեսակետը, որ Ադրբեջանի Հանրապետությունը հիմնադրվել է ի հեճուկս Իրանի, այսինքն՝ Ադրբեջանի ստեղծումը դիտարկվել է որպես Իրանի հյուսիսում գտնվող թուրքախոս տարածքները զավթելու միջոց։ Պատահական չէ, որ Փեզեշքիանը բավականին ստվար պատվիրակությամբ պաշտոնական այցով ժամանեց Բաքու, որի կազմում կային գիտական և գործարար շրջանակների շատ ներկայացուցիչներ։ Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները սերտանալու են։ Փաստորեն  Իրանը դրսևորում է խորիմաստ և ճկուն դիվանագիտություն՝ մատնանշելով երկու երկրների միջև առկա ընդհանրություններն ու ընդհանուր պատմությունը, ինչը տեղավորվում է հարևան երկրների հետ լավ հարաբերություններ հաստատելու տրամաբանության մեջ»,- նշեց իրանագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե Իրան-Ադրբեջան հարաբերությունների բարելավման գործընթացը չի՞ խաթարվի, արդյոք, Ադրբեջան-Իսրայել խորացող փոխգործակցությամբ՝ հաշվի առնելով, թե այսօր ինչպիսի լարված հարաբերություններ կան Իրանի և Իսրայելի միջև, Բեգիջանյանն ընդգծեց, որ իրանական կողմը նախկինում շատ ավելի զգայուն էր վերաբերվում տվյալ հարցին, բայց հիմա դա ընդունում է որպես իրողություն և փորձում նույնպես լավ հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ։

«Այժմ Թեհրանում աշխատում են այդ հարցը շատ չկարևորել, թեև շատ լավ գիտեն, որ իսրայելական նավթի երեսուն տոկոսը մատակարարվում է Ադրբեջանից։ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի սպառազինության յոթանասուն տոկոսը ստացվել էր Իսրայելից։ Այսօր իսրայելական մեծ ընկերությունները տեղ են գտել նույնիսկ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում։ Իրանն այլևս ոչ թե բողոքում է Ադրբեջանից, այլ ձգտում է ինքը ևս փոխհարաբերությունները կանոնավորել իր անմիջական հարևանի հետ»,- նշեց մեր զրուցակիցը։

Բեգիջանյանի դիտարկմամբ՝ Իրանի հետ բանակցություններում ադրբեջանական կողմը կփորձի շահարկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, թեև այսօր օգտագործում է Իրանի տարածքով անցնող հարավային ուղին, որն ադրբեջանցիները կոչում են Արասի (Արաքսի) ճանապարհ։  

«Եթե Բաքուն այդ ճանապարհը դիտարկում է որպես այլընտրանքային տարբերակ, ապա պաշտոնական Թեհրանն այն համարում է Ադրբեջանն ու Նախիջևանն իրար կապող միակ ուղին։ Ադրբեջանը միշտ էլ ամեն ինչ օգտագործում է հանուն իր շահերի, բայց սա այն դեպքն է, երբ խոսքը վերաբերում է Իրանի նախանշած կարմիր գծերին։ Մյուս կողմից Ադրբեջանն ուշի ուշով հետևում է իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին։ Եթե հանկարծ Իրան-ԱՄՆ բանակցությունները մտնեն փակուղի, և եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը թիրախավորեն Իրանի միջուկային օբյեկտները, ապա իրանական զինուժն էլ իր հերթին հարվածներ կհասցնի տարածաշրջանի տարբեր երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին և էներգակիրներով հարուստ հանքավայրերին, այդ թվում՝ նրանց, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Իսկ նման հնարավոր զարգացումները չեն կարող չմտահոգել ադրբեջանական կողմին»,- մանրամասնեց Բեգիջանյանը։

Իրանագետը հիշեցրեց, որ Իրանը միշտ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտարար միջնորդի առաքելությամբ հանդես գալու առաջարկ է արել, սակայն նախկինում Ադրբեջանը մերժում էր, իսկ հիմա իրանական կողմը, գուցե, չբարձրաձայնելով այդ մասին, ձգտում է դիվանագիտական ճանապարհով կարգավորել խնդիրները՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ քայլերը խաղաղության պայմանագիր ստորագրելու ճանապարհին։  

«Իրանը միշտ էլ դրսևորել է ճկուն դիվանագիտություն։ Նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Բայդենի պաշտոնավարման օրոք, երբ Իսրայելն ամեն կերպ ցանկանում էր պատերազմ հրահրել Իրանի դեմ՝ առճակատման մեջ ներքաշելով Միացյալ Նահանգներին, Թեհրանը ցուցաբերեց խորաթափանցություն և ճկունություն, բայց քանի որ իրադարձությունները մեծամասամբ անկանխատեսելի են, ուստի դժվար է ասել, թե ինչ հանգուցալուծումներ կլինեն մեր տարածաշրջանում»,- եզրափակեց իրանագետը։  

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկօրյա պաշտանական այցով Ադրբեջան է այցելել ապրիլի 28-ին։ Փեզեշքիանը Բաքվում արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »