Արևային առաքելությամբ. չինական հսկայի խոշորագույն նախագիծը Հայաստանում
11 րոպեի ընթերցում
Լույսի սուրհանդակ. աշխարհում այսպիսի համարում ունի չինական մեքենաշինական ինժեներական կորպորացիան (СМЕС), որի մասնագետների մտքի ու շինարարների աշխատանքի արգասիքն է Գեղարքունիքի մարզում կառուցված Հայաստանի ամենամեծ՝ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանը: Անցյալ տարի կյանքի կոչված այս նախագիծը միջազգային համագործակցության այնքան հաջողված օրինակ է, որ չինական ընկերությունը պատրաստ է ընդլայնել մեր երկրում իր գործունեությունը՝ ներկայանալով նաև այլ ոլորտներում:
«Մասրիկ-1»-ը, որին հենց տեղում ծանոթացավ «Արմենպրես»-ի ստեղծագործական խումբը, իսկապես տպավորիչ է: Էլեկտրակայանը բոլոր սարքավորումներով և օժանդակ կառույցներով 130 հեկտար տարածք է զբաղեցնում Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի հարակից ընդարձակ դաշտում: Դա, ի դեպ, 36 քառակուսի կիլոմետր մակերես ունեցող բնակավայրի մոտ 3.6 տոկոսն է: Շրջակա ապարաժ լեռները, խիստ բնությունը, արեգակնային էներգիան կլանող վահանակների, թվում է, անվերջանալի շարքերը և տարաբնույթ տեխնիկայով հագեցած շինությունները մի տեսակ այլմոլորակային, անիրական պատկեր են հաղորդում տարածքին:
Այդ տպավորությունն ավելի առարկայական է դառնում, երբ հայտնվում ես կառույցների ներսում, որոնցում տեղավորված սարքավորումներն անվերջ թարթում են երփներանգ լույսերով ու անընդհատ ինչ-որ թվեր են փոխում, իսկ քիչ հեռու սեղանի շուրջ նստած չինացի մասնագետներն անդադար հետևում են նոութբուքերի էկրաններին հայտնվող տվյալներին, որոնք կողմնակի դիտորդի մոտ կարող են գլխապտույտ առաջացնել: Դա, ինչպես անթաքույց հպարտությամբ տեղեկացրեց մեզ համար ճանաչողական ինքնատիպ շրջայց կազմակերպած «Չինաստան-Հայաստան ինժեներինգ» ՍՊԸ (China Armenia Engineering LLC) գլխավոր տնօրենի տեղակալ, ««Մասրիկ-1» արևային կայան ծրագր»-ի կառավարիչ Լյու Շուչենը, էլեկտրակայանի, այսպես կոչված, ուղեղային կենտրոնն է: Այստեղից են հետևում բոլոր սարքերի աշխատանքին, հայտնաբերում ու վերացնում հնարավոր խափանումները, ապահովում կայանի լիարժեք արդյունավետությունը:
«Սա Հայաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանն է, որի պատվիրատուն է Իսպանիայում գրանցված Fotowatio Renewable Ventures Inc. (FRV) ընկերությունը, իսկ СМЕС-ը (China Machinery Engineering Corporation) և նրա հայկական դուստր ձեռնարկությունը «Մասրիկ-1» կայանի գլխավոր կապալառուն են, որոնք պատասխանատու են նախագծման, շինարարության, սարքավորումների մատակարարման, կարգավորման և շահագործման համար: Կայանը կառուցվել է 2024 թվականի հոկտեմբերին և արդեն դեկտեմբերից աշխատում է լրիվ ծանրաբեռնվածությամբ: Ի դեպ, մեր մասնաճյուղը նաև 220 կիլովոլտանոց ենթակայան է կառուցել Հայաստանում»,- ներկայացրեց Լյու Շուչենը, որն, ի դեպ, արտակարգ սրտաբաց, ջերմ, բարեհամբյուր և հյուրընկալ անձնավորություն է:
Նա տեղեկացրեց նաև, որ «Մասրիկ-1»-ի նախագծային հզորությունը 55 մեգավատ է: Ներկայում կայանն արտադրում է մոտ 24 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա: Ի դեպ, այս տարվա մարտ ամսվա տվյալներով, Հայաստանի բոլոր արևային կայանների ընդհանուր հզորությունը շուրջ 600 մեգավատ է, որի 9 տոկոսը փաստորեն ապահովում է «Մասրիկ-1»-ը:
Կայանը հագեցած է արևի տեղաշարժին հետևող համակարգերով (այդ նպատակով տեղադրված են ավտոմատ ռեժիմով աշխատող ժամանակակից սարքերի 1597 կլաստերներ) և ունի 114 հազար 984 միավոր արևային առաջնակարգ վահանակներ:
«Մասրիկ-1»-ի կայուն շահագործումը և ընկերության անխափան աշխատանքն ապահովում են մոտ 30 աշխատակիցներ՝ ինժեներներ, օպերատորներ, իրավաբաններ, հաշվապահներ, թարգմանիչներ, վարորդներ, անվտանգություն ապահովողներ և այլն:
Տեղեկացանք նաև, որ նախագծի միակ ներդրողը FRV ընկերությունն է, որը ներդրել է ընդհանուր առմամբ 57 մլն 218 հազար 340 ԱՄՆ դոլար: Ահա այսպիսի մանրակրկիտ հաշվարկ՝ առանց «շուրջ» կամ «մոտավորապես» բառերի հավելման:
Ինչո՞վ է համաշխարհային հռչակ ունեցող չինական ընկերությանը գրավել Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունը:
«Ինչպես նշեցի, սա Հայաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանն է, նաև մեր ընկերության առաջին նախագիծն է ձեր երկրում: Դա արդեն ինքնին խոսուն հանգամանք է, ուստի այս ծրագրի հաջող իրականացումը ռազմավարական կարևոր նշանակություն ունի հայկական շուկայում մեր ընկերության ազդեցության ընդլայնման համար, ինչպես նաև նպաստում է ՉԺՀ և ՀՀ միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը»,- ընդգծեց Լյու Շուչենը:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանն ունի վերականգնվող էներգետիկայի, հատկապես՝ արևայինի, զարգացման մեծ ներուժ: Չինացի մասնագետի ներկայացրած թվերից հետևում է, որ Հայաստանում 1 քառակուսի մետր հորիզոնական մակերեսին արևային էներգիայի հոսքի տարեկան միջին ցուցանիշը 1720 կիլովատ ժամ է: Դա, ըստ նրա, համաշխարհային չափանիշներով շատ բարձր ցուցանիշ է, ինչը լուրջ նախադրյալ է արևային էներգետիկայի զարգացման համար:
Դա տեսանելի հեռանկարի խնդիր է, իսկ «China Armenia Engineering»-ի այս տարվա ծրագրերը մեր զրուցակիցը ձևակերպեց այսպես.
«Առաջնային նպատակն է ապահովել «Մասրիկ-1» կայանի բարձրորակ շահագործումն ու սպասարկումը: Երկրորդ՝ մեր դուստր ընկերությունն ունի Հայաստանում նախագծման և շինարարական աշխատանքներ իրականացնելու արտոնագիր և կարող է կյանքի կոչել համապատասխան նախագծեր։ Ընկերությունը, հիմնվելով հայկական շուկայի իր ընկալմանն ու կուտակած փորձին, նախատեսում է ընդլայնել ինժեներական նախագծերը արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի պահպանության և այլ ոլորտներում»:
Լյու Շուչենը հայտնեց, որ իրենց ընկերությունը Հայաստանում դեռ գործունեություն չի ծավալում այլ ոլորտներում, սակայն որոշ նախագծերի իրականացման ուղղությամբ արդեն իսկ բանակցում է շահագրգիռ կողմերի հետ։ Ըստ նրա, բանակցություններն առնչվում են բնապահպանության, արդյունաբերության և արևային էներգետիկայի ոլորտներում նախագծերին:
Անդրադառնալով Հայաստանում հողմակայաններ կառուցելու հնարավորությանը՝ չինացի մասնագետն առանձնացրեց դրան խոչընդոտող տեխնիկական որոշ գործոններ:
«Դա հնարավոր է, բայց կախված է ոչ միայն համապատասխան ուժգնության քամիների առկայությունից, այլև ուրիշ պայմաններից։ Այստեղ աշխատում եմ արդեն 4 տարի և քաջածանոթ եմ կոնկրետ այս վայրում փչող քամիների ուժին: Սակայն, Հայաստանում չեն արտադրվում հողմակայանների սարքավորումներ, հատկապես՝ շեղբեր, որոնք տեղափոխելը շատ բարդ է, քանի որ դրանք բավականին երկար են: Հետևաբար, պետք է հաշվի առնել լոգիստիկան, ուսումնասիրել ճանապարհների վիճակը և շրջադարձերի շառավիղները»,- եզրափակեց Լյու Շուչենը։
CMEC-ը 1978 թվականին հիմնադրված պետական ընկերություն է՝ Չինաստանի առաջին առևտրա-արդյունաբերական ընկերությունը, որը վերահսկվում է աշխարհի խոշորագույն ձեռնարկությունների ցանկում՝ Fortune Global 500-ի սանդղակում ընդգրկված «Սինոմաշ» ընկերության կողմից: CMEC-ն արտասահմանում պայմանագրային շինարարություն կատարող չինական առաջին գլխավոր կապալառուն է, որը նախագծաշինարարական և առևտրային ծառայություններ է մատուցում ավելի քան 150 երկրներում և տարածաշրջաններում, ունի 100-ից ավել արտասահմանյան մասնաճյուղեր, դուստր ձեռնարկություններ և ներկայացուցչություններ:
Շուրջ 40 տարվա ընթացքում CMEC-ը վերածվել է լայնածավալ համապարփակ միջազգային կորպորացիայի, որը կենտրոնացած է միջազգային բազմաբնույթ պայմանագրային գործունեության իրականացման վրա և ներգրավված է արդյունաբերական ամբողջ շղթայում՝ առևտուր, նախագծում, հետազոտություններ, լոգիստիկա, շինարարություն և այլն: Ընկերությունը տրամադրում է համապարփակ անհատականացված լուծումներ, որոնք ներառում են նախանախագծային պլանավորումը, նախագծումը, ներդրումները, ֆինանսավորումը, շինարարությունը, շահագործումը և տեխնիկական սպասարկումը:
Ընկերությունը գործունեություն է ծավալում էներգետիկայի, տրանսպորտի, էլեկտրոնային հաղորդակցության, արդյունաբերության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության և այլ ոլորտներում։ 23 երկրներում և տարածաշրջաններում կառուցել է 218 ջերմաէներգետիկ և գազատուրբինային կուտակիչ սարքավորումներ, նաև B դասից մինչև H դասի գազատուրբինային էլեկտրակայաններ՝ ավելի քան 24.55 գիգավատ ընդհանուր հզորությամբ:
Շուրջ 60 երկրներում և տարածաշրջաններում իրականացրել է բազում բարձրորակ նախագծեր՝ էներգետիկայի, քաղաքաշինության, կապի, արդյունաբերության, գյուղատնտեսության, նավաշինության և մեքենաշինական սարքավորումների ներմուծման ու արտահանման ոլորտներում։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը 2014 թվականից մինչ օրս 6 անգամ ականատես է եղել CMEC-ի պայմանագրերի կնքմանը կամ տարբեր երկրներում շինարարական նախագծերի մեկնարկին:
11 երկրներում և տարածաշրջաններում ընկերությունը կառուցել է խոշոր հիդրոէլեկտրակայաններ։ Մի շարք երկրներում իրականացվել են ազգային մագիստրալային էլեկտրացանցերի, փոխակերպիչ ենթակայանների և խելացի էլեկտրացանցերի ստեղծման նախագծեր՝ 400 վատից մինչև 500 կիլովատ լարման դասով:
Չինաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Մալդիվներում, Մալայզիայում և այլ երկրներում կառուցվել են ավելի քան 3000 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայաններ։ Մի շարք երկրներում կառուցվել են հողմային էլեկտրակայաններ, թափոններից էներգիա արտադրող, ինչպես նաև կենսագազային էլեկտրակայաններ։