Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած երաժիշտների անունները
2 րոպեի ընթերցում

Հայտնի են դարձել Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցների անունները։ Ժյուրիի որոշմամբ՝ երկրորդ փուլ են անցել հետևյալ 6 դիրիժորները՝ Ջեյհաք Չոյ (Հարավային Կորեա), Օտիս Քինթա Էնոքիդո-Լայնհեմ (Մեծ Բրիտանիա), Քյունտե Պակ (Հարավային Կորեա), Լեոնարդ Վայս (Ավստրալիա), Շուն Օի (Ճապոնիա), Ֆերնանդո Գաջինի (Արգենտինա)։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 10-11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Մասնակիցները կղեկավարեն մրցույթի պաշտոնական նվագախումբը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Մրցանակակիրները հայտնի կդառնան հունիսի 12-ին՝ պարգևատրման արարողության և գալա համերգի ընթացքում։
Խաչատրյանի անվան մրցույթը մեկնարկել է հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Այս տարի այն անցկացվում է «դիրիժորության» մասնագիտական կարգում։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia-ն։ Մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և անցկացվում է ֆեդերացիայի սահմանած կանոնների համաձայն։