Մշակույթ

Մոսկվայում «Թումանյանական օրեր» անցկացվեցին

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում «Թումանյանական օրեր» անցկացվեցին

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացել է «Թումանյանական օրեր» երկօրյա միջոցառումների շարքը։

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ծրագիրը մեկնարկել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան Մշակույթի կենտրոնում։

Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել «Ճամփորդ հոգի» բանախոսությամբ, որի ընթացքում սլայդի միջոցով ներկայացվել է Թումանյանի ճամփորդությունների քարտեզը, արտացոլվել նրա ճամփորդական մտքերն ու լուսանկարները։

Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև «Թումանյանը և ռուսական գրականությունը» թեմայով դասախոսություն, ցուցադրվել «Նամակներ ռազմաճակատից» ֆիլմը, որտեղ ներկայացված են բանաստեղծի թոռան՝ Վիգեն Թումանյանի՝ ռազմաճակատից գրված նամակները։

Ֆիլմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին։ Բարձր գնահատելով այցի նշանակությունը՝ Մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն իր խոսքում ընդգծել է հայ մեծ գրողի թողած հսկայական գրական ժառանգության արժանի պահպանման և տարածման կարևորությունը, հատկապես սփյուռքահայության շրջանում։ Այդ առթիվ նա կենտրոնի կողմից շնորհակալագիր է հանձնել թանգարանի տնօրենին։ 

Հաջորդ հանդիպումը կայացել է Ռուսաստանի հայերի միության «Լուսարձակ» կիրակնօրյա դպրոցում։ Ներկայացվել է Թումանյանի կենսագրությունը, ընտանիքի մանրակերտը, այդ համատեքստում անդրադարձ է կատարվել հայկական ավանդական արժեքներին ու ավանդույթներին։ 

Միջոցառումն ուղեկցվել է անիմացիոն ֆիլմի դիտմամբ և թատերական ներկայացմամբ։ Կիրակնօրյա դպրոցին փոխանցվել են Թումանյանի ստեղծած խաղերը, գրքեր։ 

Ռուսաստանի հայերի միության կողմից թանգարանին հանձնվել է շնորհակալագիր։ Ամփոփելով երկօրյա այցի արդյունքները՝ թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը նշել է, որ այն արդյունավետ է համարում, քանի որ սփյուռքում հայկական արմատներին հարազատ մնալու համար առաջին հերթին պետք է խոսել հայ դասականների միջոցով ու նրանց թողած պատգամով։ 

Տնօրենի խոսքով՝ ծրագիրը շարունակական է լինելու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »