Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցությունն անորոշ հայտարարություն է արել իմպիչմենտի նախաձեռնությանը միանալու հնարավորության մասին

3 րոպեի ընթերցում

«Հայաստան» խմբակցությունն անորոշ հայտարարություն է արել իմպիչմենտի նախաձեռնությանը միանալու հնարավորության մասին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները վարչապետի իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, մասնավորապես, նշել է.

««Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող 28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման»: 

Վարդանյանը, սակայն, չի արձագանքել բազմաթիվ հետևորդների ճշտող հարցադրմանը՝ ի վերջո խմբակցությունը անվերապահ ստորագրո՞ւմ է նախաձեռնության տակ, թե նախապայման է առաջադրում ունենալ անհրաժեշտ 8 ստորագրությունը, ապա պակասող 28 ստորագրության համար դիմել «Հայաստան»-ին: 

Ավելի վաղ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին՝ վարչապետի թեկնածու առաջադրելով  Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։  

Ազգային ժողովում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն։ Ազգային ժողովի երկու խմբակցությունները միասին ունեն 34 պատգամավոր։ 

Ազգային ժողովի ևս 4 պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը (հեռացվել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և կուսակցության խորհրդարանական խմբակցությունից), Գեղամ Նազարյանը (դուրս է եկել «Հայաստան» խմբակցությունից) և Իշխան Զաքարյանը (դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից) ունեն անկախ պատգամավորի կարգավիճակ։ 

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են, որ չեն միանալու վարչապետին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը։ 

Ավելի վաղ հենց Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն էին վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել՝ թեկնածու առաջադրելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, սակայն այդ ժամանակ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները չմիացան այդ նախաձեռնությանը, ինչի հետևանքով գործընթացն այդպես էլ չմեկնարկեց։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »