Ադրբեջանցիների կողմից երկու անչափահասներին առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
2 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչներին ադրբեջանցիների կողմից առևանգելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը:
«Ի լրումն հունիսի 6-ին տարածած հաղորդագրության, տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում նրանք մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-տեղեկացնում են ԱԱԾ-ից:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել էին Ադրբեջանի տարածքում։
Հուինիսի 6-ի երեկոյան ԱԱԾ-ից հայտնել էին, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: