Մշակույթ

Հայաստանը և Նիդեռլանդները հնագույն ժամանակներում. զուգահեռներ թանգարանային ցուցադրության միջոցով

6 րոպեի ընթերցում

Հայաստանը և Նիդեռլանդները հնագույն ժամանակներում. զուգահեռներ թանգարանային ցուցադրության միջոցով

Հայաստանի պատմության թանգարանում հունիսի 3-ից օգոստոսի 30-ը կներկայացվի «Հին աշխարհի զուգահեռներում. Հայաստան-Նիդեռլանդներ» խորագիրը կրող ցուցադրությունը: Այս նախաձեռնությունը երկու երկրների միջև հետզհետե զարգացող համագործակցության հերթական դրսևորումն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցադրության բացմանը նախորդած ասուլիսում այդ հանգամանքն ընդգծեցին միջոցառման կազմակերպիչները:

Այցելուների ուշադրությանը կներկայացվեն Ասենի Դրենց թանգարանի 15 բնօրինակ ցուցանմուշներ և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուի ուշագրավ իրեր, որոնք հնարավորություն կտան համեմատել Հայաստանի և Հյուսիսային Եվրոպայի պատմությունն ու մշակույթը նոր քարեդարի, ուշ բրոնզեդարի և վաղ երկաթեդարի ժամանակաշրջաններում: Ցուցադրությունն ուղեկցվում է պատկերային և անիմացիոն նյութերով: Դրա կազմակերպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել 2022 թվականին՝ Դրենցի թանգարանում «Արարատի հմայքի ներքո» խորագրով ներկայացված ցուցահանդեսից հետո:

Ասուլիսի սկզբում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ սա երկու թանգարանների միջև համագործակցության հերթական դրսևորումն է:

«Երեք տարի առաջ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուի 160 առարկա էինք ներկայացրել Դրենցի թանգարանում: Ցուցահանդեսը մեծ արձագանք էր ունեցել՝ ճանաչվելով Նիդեռլանդներում այդ տարվա թանգարանային ցուցադրություններից լավագույնը: Շատ ուրախ ենք, որ այդ համագործակցությունը շարունակվում է, ու մեր թանգարանում ցուցադրվելու են գործընկերների տրամադրած ցուցանմուշները: Սա հետաքրքիր ցուցահանդեսային նախագիծ է, որը, հուսով ենք, դուր կգա մեր այցելուներին և նոր մի թափ կհաղորդի հետագա համագործակցությանը»,- նշեց նա:

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրո-Վինթերի գնահատմամբ՝ ցուցահանդեսը վկայում է երկու երկրների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների մասին:

«Անձնապես եմ շատ ոգևորված եմ այս ցուցահանդեսի կապակցությամբ: Սա պարզապես ցուցահանդես չէ, այլ համագործակցության շղթայի ևս մեկ օղակ, որն ընդգծում է Հայաստան-Նիդեռլանդներ ջերմ հարաբերությունները: Մարտին պաշտոնական այցով Հայաստանում էր մեր երկրի արտգործնախարարը, որը հայ գործընկերոջ հետ կնքեց ռազմավարական համագործակցության հուշագիր: Մշակութային հարաբերությունները առանցքային դեր ունեն միջպետական կապերում: Երկու թանգարանների այս համագործակցությունը վկայում է այն մասին, թե մարդկային ջերմ փոխհարաբերություններն ինչպես կարող են նպաստել մշակութային հարաբերությունների զարգացմանը»,- նշեց դեսպանը:

Մարիկե Մոնրո-Վինթերը, պատասխանելով համագործակցության նոր ծրագրերի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, հայտնեց. «Աշխատում ենք մեկ այլ նախագծի իրականացման շուրջ, բայց մանրամասներ դեռ չեմ կարող ներկայացնել: Ըստ էության, ծրագրեր ենք իրականացնում հատկապես մշակութային համագործակցության համատեքստում, բայց այլ ծրագրերն ու նախաձեռնությունները նույնպես նպաստում են միջազգային համագործակցության ամրապնդմանը»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարևորելով այս ցուցադրությունը՝ նշեց. « Սա այս համագործակցության շրջանակներում արդեն երկրորդ ցուցադրությունն է, ինչը վկայում է փոխադարձ հետաքրքրության մասին: Վստահ եմ, մեր համագործակցությունն այս համատեքստում կշարունակվի: Հայաստանում բավականին զարգացել է թանգարաններ այցելելու մշակույթը: Այս տարի Թանգարանային գիշերվա շրջանակում ունեցել ենք շուրջ 244 հազար այցելու, որը 55 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Առհասարակ, մշակույթի ոլորտում Նիդեռլանդների հետ մեր համագործակցության օրակարգը բավականին հագեցած է»:

Դրենցի թանգարանի տնօրեն Հարի Թուփանը հայտարարեց, որ խիստ տպավորված է 2022-ին Նիդեռլանդներում կազմակերպված ցուցադրությամբ:

«Մեր քաղաքն ունի շուրջ 70 հազար բնակիչ: Հատկանշական է, որ այն ցուցադրությունն ունեցել էր ավելի քան 55 հազար այցելու, ինչը վկայում է ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրության և դրա հաջողության մասին: Մեր թանգարանը հիմնադրվել է 1854 թվականին և տարեկան կտրվածքով ունենում է մոտ 200 հազար այցելու: Տարվա ընթացքում ունենում ենք արտասահմանյան տարբեր ցուցադրություններ, բայց հայաստանյանը մեզ մոտ երբևէ տեղի ունեցածներից լավագույնն էր: Հաջողությունը պայմանավորված էր Հայաստանի ներկայացրած ցուցանմուշների հիասքանչ լինելու հանգամանքով: Հայաստանյան հնագիտությունն առաջին անգամ էր ներկայացվում Նիդեռլանդներում և առաջացրել էր ոչ միայն գիտնականների, այլև հասարակ մարդկանց հետաքրքրությունն ու հիացմունքը: Հետաքրքիր է, որ ձեր վարչապետը և որոշ նախարարներ հատուկ այդ ցուցահանդեսի բացման առիթով այցելել էին Նիդեռլանդներ: Հուսով եմ, մեր համագործակցությունը շարունակական կլինի»,- ասաց Դրենցի թանգարանի տնօրենը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »