Պատրաստ ենք ընդլայնել ու խորացնել երկկողմ համագործակցությունը՝ խթանելու չին-հայկական հարաբերությունները․ Չինաստանի նորանշանակ դեսպան

10 րոպեի ընթերցում

Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Լի Սինվեյը պատրաստակամություն է հայտնել աշխատել հայ բարեկամների հետ՝ կյանքի կոչելու երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունները, ընդլայնելու և խորացնելու երկկողմ և բազմակողմ համագործակցությունը և խթանելու հայ-չինական հարաբերությունների նոր զարգացումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լի Սինվեյը հայտարարել է՝ ելույթ ունենալով իր դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ Չինաստանի դեսպանատանը կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ, որին մասնակցում էին ինչպես Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այնպես էլ ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և այլ պաշտոնատար անձինք։

Ողջունելով բարձրաստիճան հյուրերին՝ Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Լի Սինվեյն ասաց, որ սա իր առաջին այցելությունն է հարուստ պատմությամբ այս երկիր, ինչպես նաև իր առաջին նշանակումը՝ որպես դեսպան։ 

«Ինձ համար սա մեծ պատիվ, լուրջ պատասխանատվություն, և միևնույն ժամանակ նոր սկիզբ ու նոր փուլ է իմ դիվանագիտական կարիերայում։ Հայաստան ժամանելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում ես պաշտոնապես հանձնեցի իմ հավատարմագրերը Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այնուհետև հանդիպումներ ունեցա Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ինչպես նաև Հայաստանի տարբեր գերատեսչությունների և հաստատությունների ներկայացուցիչների հետ։ Այս հանդիպումների ընթացքում ես ամբողջովին զգացել եմ Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի բարեկամական վերաբերմունքը   Չինաստանի և չին ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև հայկական կողմի պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ մեր երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա խորացման և ամրապնդման համար»,-նշեց Չինաստանի դեսպանը։ 

Նրա խոսքով՝ նախորդ 33 տարիների ընթացքում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, Չինաստանն ու Հայաստանը մշտապես առաջնորդվել են  փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետության սկզբունքներով, իսկ երկկողմ հարաբերությունները զարգացել են առողջ և կայուն կերպով՝ ապահովելով համագործակցության նշանակալի արդյունքներ տարբեր ոլորտներում։ 

«Քաղաքական փոխվստահության հիմքը շարունակում է մնալ ամուր։ Կողմերը հետևողականորեն աջակցում են միմյանց առանցքային շահերին և առաջնահերթ մտահոգություններին։ Չինական կողմը բարձր է գնահատում  Հայաստանի հետևողական աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին։ Չինաստանը և Հայաստանը, հարգելով միմյանց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, փոխադարձ աջակցություն են ցուցաբերում միմյանց այդ հարցերում։ ՉԺՀ Նախագահ Սի Ցզինփինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բարեկամական շփումները՝ ԲՐԻԿՍ գագաթնաժողովի և Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում նոր խթան են տվել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը»,-ասաց դեսպանը։ 

Լի Սինվեյի դիտարկմամբ՝ երկկողմ գործնական համագործակցությունը շարունակում է զարգանալ կայուն և նպատակային կերպով, բացի այդ, Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը կայուն աճ է ցուցաբերում՝ 2024 թվականին հասնելով 2.8 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը 34 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ 

«Հայաստանը այն երկրներից է, որն առաջիններից է արձագանքել և միացել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։ Երկկողմ համագործակցության շրջանակում մի շարք կարևոր ծրագրեր հաջողությամբ կյանքի են կոչվում։ Հայ-չինական բարեկամության դպրոցը ձեռք է բերում աճող հեղինակություն, չինական ընկերության կողմից կառուցված արևային ֆոտովոլտային կայանը հաջողությամբ միացվել է Հայաստանի էներգացանցին, իսկ Չինաստանի կառավարության աջակցությամբ կառուցվող Հանրային հեռուստաընկերության նոր 8-րդ տաղավարի նախագիծն ընթանում է անխոչընդոտ։ Մարդկային փոխանակումներն անշեղորեն զարգանում են։ Ավելի ու ավելի շատ հայ երիտասարդներ նախընտրում են սովորել չինարեն և ծանոթանալ չինական մշակույթին։ Կոնֆուցիոսի ինստիտուտի ուսանողների թիվն ու չինարենի ուսուցման կենտրոնների քանակը շարունակաբար ավելանում են։ Վերջերս մասնակցեցի Չինաստանում կրթության և աշխատանքի երրորդ ցուցահանդեսին և անձամբ համոզվեցի, որ հայ երիտասարդներն ունեն բարձր հետաքրքրվածություն՝ ուսանելու Չինաստանում։ Երկու երկրների միջև գործում է ազատ վիզային ռեժիմը, իսկ անցյալ տարի գործարկվել է Երևան-Ուրումչի ուղիղ չվերթը, որի թռիչքների հաճախականությունը առաջիկայում կավելացվի՝ էլ ավելի հեշտացնելով երկկողմ ուղևորափոխադրումները։ Տիկնայք և պարոնայք, այս տարի լրանում է Չին ժողովրդի Ճապոնական ագրեսիայի դեմ դիմակայության և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի հաղթանակի 80-ամյակը։ Չինաստանի և Հայաստանի ժողովուրդները կրելով բազում զոհողություններ՝ նշանակալի ավանդ ունեցել են համաշխարհային հակաֆաշիստական պայքարում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին շրջանում, հատկապես 1945 թվականին, ավելի քան 6,000 հայ մարտիկներ, ովքեր ծառայում էին Խորհրդային Միության կարմիր բանակում, մեկնել են Չինաստանի Հյուսիս-արևելք՝ մասնակցելու Ճապոնիայի դեմ մղվող ռազմական գործողություններին՝ բացելով համատեղ պայքարի և եղբայրության նոր էջ»,-ընդգծեց Չինաստանի դեսպանը։ 

Վերջինս նաև կարծիք հայտնեց, որ ներկա նոր մարտահրավերների պայմաններում, երկու կողմերն էլ պետք է վճռականորեն պաշտպանեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային կարգը, հաստատակամորեն պաշտպանեն միջազգային արդարությունն ու հավասարությունը և նպաստեն հավասար ու կարգավորված բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը, ինչպես նաև համընդհանուր ու ներառական տնտեսական գլոբալիզացիայի առաջմղմանը։ 

Դեսպանը նաև հայտնեց, որ այս տարվա երկրորդ կեսին Չինաստանը հանդիսավոր կերպով կնշի պատերազմում հաղթանակի 80-ամյակը, իսկ դեսպանատունը նույնպես կկազմակերպի համապատասխան տոնական միջոցառումներ։ 

«Չինաստանն ու Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) «մեծ ընտանիքի» անդամներ են։ Որպես ՇՀԿ-ի նախագահող երկիր՝ Չինաստանը այս աշնանը Տյանցզին քաղաքում կանցկացնի ՇՀԿ գագաթնաժողովը։ Շանհայի համագործակցության կազմակերպությունը աշխարհի խոշորագույն կառույցն է։ Չինական կողմը պատրաստ է խորացնել համագործակցությունը հայ գործընկերների հետ ՇՀԿ շրջանակներում՝ համատեղ կառուցելու խաղաղ, կայուն, փոխվստահության և բարգավաճ զարգացման վրա հիմնված ընդհանուր տուն։ Ներկայումս չին-հայկական հարաբերություններն անցնում են կայուն զարգացող և ապագային միտված կարևոր փուլ։ Ես պատրաստ եմ աշխատել մեր հայ բարեկամների հետ՝ կյանքի կոչելու մեր երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունները, ընդլայնելու և խորացնելու երկկողմ և բազմակողմ համագործակցությունը և խթանելու չին-հայկական հարաբերությունների նոր զարգացումները։ Հայաստանում Չինաստանի դեսպանատունը կշարունակի հետևել «դիվանագիտությունը՝ ժողովրդի համար» սկզբունքին և պաշտպանել Հայաստանում չինական կազմակերպությունների և քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը»,-եզրափակեց դեսպան Լի Սինվեյը։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն, իր հերթին, շնորհավորելով Չինաստանի նոր դեսպանին ՀՀ-ում նշանակվելու կապակցությամբ, նշեց, որ հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ փոխադարձ հարգանքի և փոխադարձ վստահության հիման վրա խարսխված հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում՝ բացառապես աճման ուղղությամբ։

«Մեր երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը իր արտացոլումն է գտնում նաև միմյանց համար կարևորություն ներկայացնող հարցերում դիրքորոշումների դրսևորման հարցում։ Աշխարհագրական առումով մեր երկու երկրները, միմյանցից հեռու լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ։ Դա առաջին հերթին մարդկային ներուժն է, ինչպես նաև հարուստ պատմության, մշակութային ժառանգության և նվիրվածությունն արժեքային համակարգին։ Հայ-չինական բարեկամության հարատևությունն ապացույցների կարիք չունի։ Այսօր, ամփոփելով անցած ավելի քան 30 տարվա նշանակալի ճանապարհը՝ մենք թևակոխում ենք հարաբերությունների մի նոր փուլ, որում առկա հնարավորությունների առավելագույնս իրացմամբ՝ սպասվում են նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ»,-ասաց Մնացական Սաֆարյանը՝ հավելելով, որ միջազգային և տարածաշրջանային անորոշություններով լի ներկա ժամանակաշրջանում առավել քան կարևոր է բարեկամ երկրների միջև ամուր և վստահելի գործընկերության զարգացումը։ 

 

Հայերեն English Русский

Ավան վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել նաև պատահական անցորդը. ՆԳՆ

Գրետա Թունբերգը և «Մադլին» զբոսանավի մյուս ակտիվիստները մեկնել են Իսրայելից

Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ անցած երաժիշտների անունները

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կատարված բարեկարգման աշխատանքներին

Մոսկվայում «Թումանյանական օրեր» անցկացվեցին

Թրամփը հայտարարել է, որ Իրանը ներգրավված է Գազայի հատվածում պահվող պատանդների շուրջ բանակցություններին

Հայկական նոր հուշարձաններ կընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

ԿԳՄՍ նախարարն այցելել է քննական կենտրոն՝ հետևելու միասնական քննությունների ընթացքին

Սի Ծինփինն իր հարավկորեացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացումը

«Նոա»-ի հիմնական կազմի երեք ֆուտբոլիստ կմնա ակումբում

OSZAR »