Բուհերի խոշորացումն ավելի արդյունավետ է դարձնում ռեսուրսների կառավարումը, հեշտացնում մրցունակ կրթություն ստանալը. Սարգիս Հայոցյան
3 րոպեի ընթերցում

Երևանում Մատենադարանի գիտական մասնաշենքի «Հրաչյա Թամրազյան» դահլիճում մայիսի 29-ին անցկացվեց «Բարձրագույն կրթության և գիտության գերազանցության ձևավորում միավորումների միջոցով» խորագրով միջոցառումը: Այն համատեղ կազմակերպել էին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը և Մյունխենի տեխնիկական համալսարանը:
Նպատակն էր միջազգային փորձագետների և շահագրգիռ կողմերի ներգրավմամբ ներկայացնել համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը, ինչպես նաև քննարկել կրթության ոլորտում արմատական բարեփոխումների իրականացման հնարավոր ուղիները։
Անդրադարձ կատարվեց նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի հիմնական մարտահրավերներին ու դրանց հաղթահարման մոտեցումներին։
Միջոցառման հատուկ հրավիրված բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԱՄԷ Աբու Դաբիի «Խալիֆա» համալսարանի արտաքին կապերի փոխնախագահի պաշտոնակատար և աշխատակազմի ղեկավար դոկտոր Աշրաֆ Ալ-Նաժդավին, Գերմանիայի Կարլսրուէ քաղաքի տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր անդամ, նախկին ռեկտոր դոկտոր Դիտմար Էրթմանը և Ռումինիայի բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների և նորարարության ֆինանսավորման գործադիր գործակալության տնօրեն պրոֆեսոր Էդրիան Կուրաժը։
Սարգիս Հայոցյանը պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ նշեց, որ միջազգային փորձը միանշանակ վկայում է բուհերի խոշորացման արդյունավետության մասին:
«Ավելի արդյունավետ է դառնում ռեսուրսների կառավարումը, շատ ավելի հեշտ է մրցունակ կրթություն ստանալն ու հետազոտություններ կատարելը: Այդ իմաստով խոշորացված բուհերի հնարավորությունները շատ ավելի մեծ են թե՛ հետազոտությունների բազմազանության, թե՛ տրամադրվող կրթական ծառայությունների որակի, թե՛ սովորողների կարիքներին ավելի հեշտ ադապտացվելու և ճկունության իմաստով: Այս առումով բացարձակ բացասական պրոցես չկա: Սա տրանսֆորմացիոն գործընթաց է, որը միշտ ցավոտ է, անհասկանալի է, նաև ռիսկեր ունի: Նորմալ է, որ մարդիկ մտահոգություններ ունեն: Հարցը նրանում է, որ դա մեզ չպետք է հետ պահի բարեփոխմանը մասնակցելուց: Բարեփոխումն, ըստ էության, ընթանալու է, ու ավելի լավ կլինի, որ մարդիկ մասնակցեն այդ գործընթացին, ոչ թե փորձեն սաբոտաժի ենթարկել այն»,- նշեց Սարգիս Հայոցյանը:
Նա հավելեց, որ տեխնոլոգիական կլաստերի ներկայացուցիչների հետ մի քանի օրից ճանաչողական այց են կատարելու Մյունխենի տեխնիկական համալսարան, որպեսզի տեղում ծանոթանան խոշորացված բուհի աշխատանքին և դրա հնարավորություններին: