Սաուդյան Արաբիան մարտին նավթի արտահանումը կրճատել է 12,1%-ով
2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը մարտին փետրվարի համեմատությամբ աճել է 0,1%-ով, դրա հետ մեկտեղ արտահանումը նվազել է 12,1%-ով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։
Հաղորդվում է, որ ըստ Joint Organization Data Initiative (JODI) կազմակերպության՝ արտահանման մատակարարումների ծավալը կազմել է օրական 5,754 միլիոն բարել՝ փետրվար ամսի օրական 6,547 միլիոն բարելի համեմատությամբ։ Ցուցանիշը 2024 թ. մարտի համեմատությամբ կրճատվել է 6,3%-ով։
Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը մարտ ամսին կազմել է օրական 8,957 միլիոն բարել՝ փետրվարի օրական 8,947 միլիոն բարելի դիմաց։ Տարեկան կտրվածքով գրանցվել է 0,2% կրճատում։
Վենեսուելայում նավթի արտադրությունը մարտ ամսին աճել է օրական մինչև 1,048 միլիոն բարել՝ նախորդ ամսվա օրական 1,025 միլիոն բարելի համեմատությամբ։ Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր օրական 874 հազար բարել։
JODI-ի նախնական գնահատումների համաձայն՝ ԱՄՆ-ն մարտ ամսին նավթի արդյունահանումն ավելացրել է 3%-ով՝ մինչև օրական 13,56 միլիոն բարել՝ փետրվարի օրական 13,159 միլիոն բարելի համեմատությամբ։ Տարվա ընթացքում ցուցանիշն աճել է 3%-ով (օրական 13,171 միլիոն բարելից):
Կազմակերպության հաշվարկների համաձայն՝ ամերիկյան նավթի արտահանումը մարտին կազմել է օրական 4,021 միլիոն բարել՝ փետրվարի օրական 4,294 միլիոն բարելի (կրճատումը՝ 6,4%-ով) և 2024 թ. մարտի օրական 4,3 միլիոն բարելի (նվազումը՝ 6,5%-ով) համեմատությամբ: