7 րոպեի ընթերցում
Վերջին տարիներին քաղաքամայր Երևանը, պահպանելով իր առանձնահատկությունները, ավելի է գեղեցկացել մուրալ արվեստի շնորհիվ։ Քաղաքի տարբեր շինությունների պատերին տեղ են գտել ուշագրավ պատկերներ, որոնք ոչ միայն վառ են, ինքնատիպ են, այլև կրթական, ճանաչողական կարևոր նշանակություն ունեն։
Երևանյան մուրալներից շատերն իրականություն են դարձել մուրալ նախագծերի հեղինակ և ղեկավար Դավիթ Խաչատրյանի նախաձեռնությամբ։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա նշում է՝ արվեստի այդ ուղղությունն առաջին հերթին ապահովում է քաղաքի մոդեռն տեսքը։ «Ժամանակակից քաղաք ունենալու համար պարտավոր ես քաղաքի մշակութային միջավայրում ունենալ արվեստի նման դրսևորումներ։ Մուրալը ճարտարապետաշինարարական արդեն իսկ անհետաքրքիր և հնամաշ տեսք ունեցող շենք-շինություններին նոր տեսքով, նոր գույներով ներկայացնելու հնարավորությունն է ընձեռում։ Այն նաև դաստիարակչական բնույթ ունի։ Այն կարևորագույն ոլորտներից մեկն է կերպարվեստում, որն ուղիղ կապի մեջ է մտնում քաղաքի բնակչի հետ»,-ասում է Խաչատրյանը։
Նա տարիներ առաջ ձեռնամուխ է եղել մուրալ արվեստը Երևան բերելու գործին։ Ուսումնասիրել է միջազգային փորձը, կապեր է հաստատել մասնագիտական համայնքում՝ ԱՄՆ, Եվրոպա, Լատինական Ամերիկա, հասկացել է՝ «Սթրիթ արտ»-ի մուրալ ուղղությունը Երևանում զարգացնելը դառնալու է իր կյանքի կարևորագույն նպատակներից մեկը։
Հավաստիացնում է՝ մուրալը կոլորիտային, փոքր ու եվրոպական ոճի քաղաքներին կամ մայրաքաղաքներին բնորոշ արվեստի տեսակ է և համապատասխանում է երևանյան կոլորիտին, մշակույթին։
Հարցին, թե ինչ տրամաբանությամբ են ընտրվում պատկերները, որոնք վերածվում են մուրալի, Խաչատրյանը պատասխանում է՝ կերպարվեստի ուղղություններն ու նկարիչների ստեղծագործական ոճերը բազմատեսակ են, և չի կարելի նրանց դնել կաղապարի մեջ։ «Նկարիչների ներկապնակը պետք է տարբեր լինի, որ ամեն մեկը գտնի իր արվեստը, իր նկարը, իր հետաքրքրությունները։ Մեկը դասականի կողմնակից է, մեկն ավելի սյուրռեալիստական, աբստրակտ մոտեցումներն է նախընտրում, ուստի բազմազանությունն այս ոլորտում ավելի է հետաքրքրացնում ամեն բան»,-ասում է նա։
«Ժպտացող հայուհի», «Մուտք դեպի մեծ արվեստ», «Ընդվզում». Հայ և իտալացի անվանի նկարիչների վրձնին պատկանող մուրալները նոր շունչ են հաղորդել թե՛ շենքերին, թե՛ փողոցներին, թե՛ քաղաքին։ Պատկերներն անտարբեր անցորդներին երբեմն ստիպում են կանգ առնել, հիանալ, մտորել որոշ հարցերի շուրջ, ի վերջո՝ ժպտալ։
Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակում առաջիկայում Սարյան փողոցում հնարավոր կլինի տեսնել նաև քանդակագործ Արա Սարգսյանի՝ Արգիշտի թագավորին նվիրված քանդակի հիման վրա մշակված խորհրդանշական մուրալը։
«Արա Սարգսյանի թանգարանի տնօրինության հետ համագործակցելով՝ կարողացանք ստեղծել մի հրաշալի էսքիզ Արգիշտի թագավորի արձանի հիման վրա, որում հնի և նորի, դասականի և մոդեռնի համաձուլումն է։ Շատ հետաքրքիր կլինի, երբ մեր դասական քանդակագործի և գեղարվեստի ակադեմիայի հիմնադիր Արա Սարգսյանի ստեղծագործությունն այսօրվա շնչով, այսօրվա մոտեցմամբ ներկայացվի մեր բնակիչներին։ Այն կնկարի իտալացի նկարիչ Ֆաբիո Մարիան, որն այսօր իր ոլորտի լավագույններից է»,-ընդգծում է Դավիթ Խաչատրյանը։
«Ժպտացող հայուհին» մուրալի հեղինակն ամերիկաբնակ Կարեն Արշիմյանն է, «Մուտք դեպի մեծ արվեստ» աշխատանքը ստեղծել է իտալացի նկարիչ Անտոնինո Պերոտան, իսկ Երվանդ Քոչարի «Ընդվզում» ստեղծագործության համանուն մուրալը, որը ստեղծվել է վարպետի 125-ամյակի առթիվ, նկարել է Ֆաբիո Մարիան։ Մուրալներն օտարերկրացիներին վստահելու ցանկությունը ոչ միայն պայմանավորված է նկարիչների պրոֆեսիոնալիզմով, այլև Հայաստանը հանրահռչակելու ցանկությամբ։
Դավիթ Խաչատրյանի համար շատ կարևոր է, որ Երևանի մշակութային կյանքը միջազգայնանա։ Ընտրելով ճանաչում ունեցող նկարիչների՝ ընտրություն է կատարում նրանց հետևորդների բանակի միջև։ Այդ նկարիչները տասնյակ հազարավոր հետևորդներ ունեն ամբողջ աշխարհում։ Օգտագործելով նրանց պոտենցիալը՝ բացի մասնագիտական ու ստեղծագործական բավականին բերրի հող ստեղծելուց, հանրահռչակվում է Երևանը։
Խաչատրյանը նկատում է, որ հատկապես վերջին տարիներին Երևանի իշխանությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մուրալ արվեստի նկատմամբ։ Նա հույս ունի, որ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ առաջիկայում հնարավոր կլինի մուրալ արվեստի բազմաթիվ նախագծեր իրագործել, որոնց շրջանակում Հայաստան կժամանեն նկարիչներ ԱՄՆ-ից, Իտալիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Կանադայից և այլ երկրներից։
«Նախորդ տարի նախագիծը ներկայացրել եմ Երևանի քաղաքապետարան, նախնական կարծիքները եղել են դրական, հույս ունեմ, որ մոտ ապագայում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կկարողանանք կյանքի կոչել քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող նախագիծ։ Եթե տարվա կտրվածքով հնարավոր լինի ամենաքիչն իրականացնել 7-10 կամ 12 նախագիծ, 5 կամ 10 տարի հետո բաց երկնքի տակ հիանալի թանգարան կունենանք»,-շեշտում է նա։
Մուրալ նախագծերի հեղինակն ու ղեկավարն իրեն հպարտ է զգում Երևանում քայլելիս և իր աշխատանքի արգասիքը տեսնելիս։ Նշում է՝ մասնագետներն աշխատել են բարձրորակ ներկանյութերով, որպեսզի պատկերները երկար ապրեն։
«Ինձ լավ եմ զգում, որովհետև մենք ի վերջո շատ դժվարությամբ կարողանում ենք ստեղծել գլուխգործոցներ, որոնք պատկանում են քաղաքին, պատմամշակութային արժեք են ստանում՝ դառնալով մեր քաղաքի լիարժեք ու բաղկացուցիչ մասը»,-ասում է Խաչատրյանն ու հավելում՝ մուրալները կարող են նաև Երևանի այցեքարտը դառնալ։