Հայաստան

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հրատարակած «ԴԵՐ ԶՈՐ-ԳՈւԼԱԳ» հուշագրությունը ներկայացնում է հանրությանն անծանոթ հերոսական դրվագ

5 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հրատարակած «ԴԵՐ ԶՈՐ-ԳՈւԼԱԳ» հուշագրությունը ներկայացնում է հանրությանն անծանոթ հերոսական դրվագ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մայիսի 17-ին ներկայացրեց 2024 թվականին իր հրատարակած «ԴԵՐ ԶՈՐ-ԳՈւԼԱԳ» հուշագրությունը՝ հիմնված XX դարի մեծագույն ոճիրներից մեկը վերապրած Տիգրան Մակարյանի կյանքի մանրամասներին։ Սա ցեղասպանությունը վերապրածների հուշերը ներկայացնող գրաշարի 13-րդ գիրքն է։

Տիգրան Մակարյանն անցել է Դեր Զորի և ԳՈւԼԱԳ-ի համակենտրոնացման ճամբարներով, վերապրել է ցեղասպանությունը և ստալինյան բռնաճնշումները։ Նախորդ դարի 20-ական թվականների առաջին կեսին Գերմանիայում ինժեների մասնագիտությունը յուրացնելուց հետո ներգաղթել է Խորհրդային Հայաստան, մասնակցել պատմական հայրենիքի այս հատվածում էներգետիկ ոլորտի հիմնադրման ու զարգացման աշխատանքներին։ Այնուհետև աքսորվել է Սիբիր և տարիներ անց վերստին վերադառնալով հայրենիք՝ հասել է իր հանդեպ կայացրած անարդար դատավճիռների չեղարկմանը, վերականգնվել աշխատանքում և հասել մասնագիտական նոր նվաճումների։ Տիգրան Մակարյանի թոռնուհին է հայ անվանի էստրադային երգչուհի Էլվինա Մակարյանը։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն էդիտա Գզոյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գիրքը կարևոր է նաև այն առումով, որ դրանում ներկայացված են ցեղասպանության շրջանում Դեր Զորում տեղի ունեցած ուշագրավ իրադարձություններ։

«Սա մեր թանգարանի նախկին տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնած շարքի 13-րդ գիրքն է, որում ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ևս մեկ հայրենակցի հուշերը։ Հրատարակում ենք ցեղասպանությունը վերապրածների հուշերը, որոնք փաստաթղթավորված պահվում են մեր թանգարանի ֆոնդերում։ Այս գրքի վրա աշխատել է մեր գիտաշխատողներից Ռոբերտ Թաթոյանը, որը բավական մեծ ուսումնասիրություն է կատարել, արխիվներից և գրադարաններից գտել է նոր փաստաթղթեր, որոնք ավելի են հարստացրել նյութը։ Ուսումնասիրության ընթացքում ի հայտ է եկել մի դրվագ, որը մինչև հիմա մեզ ծանոթ չէր։ Նկատի ունեմ Դեր Զորում զեյթունցիների զինված ապստամբությունը, որը թեև մի քանի օր անց դաժանորեն ճնշվել է, բայց հիրավի հերոսական դրվագ է»,- ներկայացրեց էդիտա Գզոյանը։

Նա հայտնեց, որ մինչև ընթացիկ տարվա վերջ թանգարանը կհրատարակի նշված շարքի ևս երեք գիրք։ Հուշագրություններից մեկը թարգմանվել է անգլերեն, հիմա նույն լեզվով թարգմանվում է ևս մեկ գիրք։ Ի դեպ, շարքի բոլոր հատորները կարելի է ձեռք բերել թանգարանի գրախանութում։

«ԴԵՐ ԶՈՐ-ԳՈւԼԱԳ» գրքի խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Թաթոյանը հայտնեց, որ գրքի ստեղծման վրա աշխատել է շուրջ 2․5 տարի։

«Հուշագրությունն ինձ փոխանցել էր տիկին Հասմիկ Տեր-Կարապետյանը։ Ծանոթանալով տեքստին՝ պարզեցի, որ այն շատ որակյալ էր շարադրված, նաև ուներ հարուստ նյութ։ Դա առավել արժեքավոր է, քանզի հեղինակը եղել է ներկայացված ողբերգական իրադարձությունների կիզակետում, առնչվել Դեր Զորի, համակենտրոնացման ճամբարների, տեղահանության և կոտորածի դաժանություններին և մանրամասն նկարագրել Դեր Զորում 1916 թվականին տեղի ունեցած հայերի կոտորածը։ Բայց ավելի ազդեցիկ է այնտեղ զեյթունցիների կազմակերպած դիմադրության մասին դրվագը․ հյուծված և տանջված հայերը չէին ենթարկվել ոճրագործների կամքին, այլ հարձակվելով ճամբարը հսկող չերքեզների վրա՝ խլել էին նրանց զենքը և մի քանի օր հուսահատորեն դիմադրելուց հետո զոհվել էին անհավասար պայքարում։  Պատմագիտական գրականությունում գոնե ինձ չէին հանդիպել այդ մասին տեղեկություններ։ Հետո պրպտելով գտա որոշ հիշատակություններ և դրանց հիման վրա նույնիսկ գիտական աշխատանք հրատարակեցի․ իսկ առհասարակ, ինձ չեն հանդիպել հրատարակված հուշագրություններ, որոնք առնչվում են և Դեր Զորին, և ԳՈւԼԱԳ-ին։ Այս առումով, կարելի է ասել՝ սա եզակի հուշագրություն է»,-նշեց Ռոբերտ Թաթոյանը։

Վերապրածների հուշերի հրատարակման շարքի գլխավոր խմբագիր, թանգարանի նախկին տնօրեն Հարություն Մարությանն էլ նշեց․ «Մեր աչքերի առաջ անցնում է ամբողջ XX դարը՝ դաժանություններ, պատերազմ, ստալինյան բռնություններ։ Այս ամենը ներկայացված է մեկ մարդու հուշագրությամբ, որին միահյուսված են այլ մարդկանց կենսագրությունները՝ բովանդակ հայ ժողովրդի կենսագրությունը։ 2020 թվականին այս գործը ձեռնարկելիս ունեի նաև որոշակի անձնական փորձառություն, քանի որ ժամանակին մայրս իր ծնողների հետ նույնպես աքսորվել է Սիբիր։ Այս հուշագրությունը շատ մարդկային է, ուսուցողական, նաև հայրենասիրական զգացումներ արթնացնող։ Այդ մարդկանց հիշատակը պետք է երկար ապրի և դա պահպանելու լավագույն ձևը նրանց հուշերը գրքի տեսքով հանրությանը ներկայացնելն է»։    

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »