2 րոպեի ընթերցում
Դպրոցականների շրջանում թմրանյութերի հնարավոր շրջանառության հարցը խիստ մտահոգիչ է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ ներքին գործերի նախարարության իրենց գործընկերներ հետ պարբերաբար հանդիպումներ են ունենում և վերջերս քննարկել են մի քանի գործիքակազմ, որոնք կարող են օգնել դպրոցներում կանխարգելիչ աշխատանքներն առավել լավարկելու հարցում։
«Մյուս կողմից պարզ է, որ սա շատ զգայուն թեմա է։ Կան բազմաթիվ աշակերտներ, որոնք որևէ կերպ նման գործընթացներում ներառված չեն և իրենց համար կարող է շատ զգայուն լինել նման թեմաների մեջ մտնելը։ Հիմա փորձում ենք գործիքակազմ մշակել, տեսնենք, ինչպես կարող ենք ավագ դասարաններում, որոնք առավել ռիսկային են, կանխարգելիչ միջոցառումները խստացնել»,-ասաց Արաքսիա Սվաջյանը։
Նախարարի տեղակալը նշեց, որ հիմա աշխատանքներ են իրականացնում դպրոցների անվտանգության ստանդարտների մշակման ուղղությամբ։ Դա վերաբերում է ինչպես ֆիզիկական միջավայրին, այնպես էլ հոգեբանական անվտանգությանը։
«Առաջիկայում կմեկնարկի գործընթաց, որով նախատեսում ենք ավագ և 700-ից ավելի աշակերտ ունեցող դպրոցներում անցակետեր տեղադրել, որպեսզի դպրոց ելքն ու մուտքն առավել կառավարելի լինի։ Այն ավելի հստակ լինի նաև էլեկտրոնային հարթակներում։ Հստակ տեսանելի կլինի, թե ովքեր են դպրոց մտել, ովքեր են դուրս եկել, ուշադրության կենտրոնում կլինեն նաև աշակերտների հաճախումները»,-ասաց Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ այժմ այդ ուղղությամբ ծառայությունների գնառաջարկների ուսումնասիրության փուլում են։