Մարտունի և Վարդենիս համայնքներում տեղի են ունեցել հանդիպումներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մտահոգող խնդիրների մասին հերթական անգամ իրազեկվելու և դրանց լուծմանն ընթացք տալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունների պետերը, մարզի համայնքապետարանների, միասնական սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումների, ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժինների պատասխանատուների հետ համագործակցված հանդիպումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղից Վարդենիս և Մարտունի համայնքներում վերաբնակություն հաստատած ընտանիքների ներկայացուցիչների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպումները վարել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, որոնց ընթացքում բանախոսները լսել և պատասխանել են մեր հայրենակիցների կողմից բարձրացված հարցերին, որոնք հիմնականում առնչվել են բնակարանային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, անձնագրային և այլ բնույթի թեմաներին։
Նմանատիպ հանդիպումներ առաջիկայում տեղի կունենան նաև մարզի Ճամբարակ, Գավառ, Սևան համայնքներում։