Տեսանյութ

Silicon Mountains 2025․ ՏՏ ոլորտի առաջատարները կհամախմբվեն մեկ հարթակում՝ նույն գաղափարի շուրջ

5 րոպեի ընթերցում

Հայաստանի առաջատար տեխնոլոգիական և նորարարական ֆորումը՝ «Silicon Mountains-ը, վերադառնում է՝ համախմբելով ոլորտի  առաջատարներին Հայաստանից և  ամբողջ աշխարհից:  

Silicon Mountains 2025 ֆորումի շրջանակում  տեղական և միջազգային փորձագետները կկիսվեն իրենց տեսլականներով տնտեսության տարբեր ճյուղերում թվայնացման վերաբերյալ և արհեստական բանականության դարաշրջանում կիբեռանվտանգության աճող նշանակության մասին:   

Silicon Mountains-ի ստեղծման գաղափարի, հիմնական նպատակի,  անցած ճանապարհի և 2025 թվականի մայիսի 15–ին  Լոռիում անցկացվելիք  ֆորումի ժամանակ քննարկվելիք թեմաների մասին «Արմենպրես»-ը զրուցել է  Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների  (ՏՀՏ) գործատուների միության գործադիր տնօրեն, «Օնեքս» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մուսայելյանի հետ:

Մուսայելյանն ընդգծեց՝  Silicon Mountains-ը իրենց համար պարզապես միջոցառում չէ, այն փիլիսոփայություն է, թե ինչպես են իրենք պատկերացնում Հայաստանն ապագայում:    

«Այս ֆորումը համախմբում է  ոլորտի միջազգային գիգանտներին և ներկայացուցիչներին, Հայաստանի տեխնոլոգիական առաջնորդներին և պետական գործիչներին: Մեր հիմնական նպատակն էր  ստեղծել մեկ հարթակ, որտեղ կքննարկվեն տարբեր թեմաների և մարտահրավերների շուրջ լուծումները: Մենք քննարկում ենք, թե ինչպես կարելի է  տնտեսության ճյուղերում  կիրառել թվային տարբեր տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը:

 Silicon Mountains 2025 ֆորումի ընթացքում քննարկվելու են երեք հիմնական թեմաներ՝ արհեստական բանականություն և ավտոմատացում, խելացի թվային ենթակառուցվածքներ և կիբեռանվտանգություն ու տվյալների պաշտպանություն: Մենք ամեն տարի փորձում ենք թեմաները փոփոխել, որ շատ նման չլինեն, բայց ընդհանուր գիծն ամեն տարի նույնն է»,- նշեց նա: 

Ֆորումի ընթացքում, բացի ոլորտի միջազգային և հայաստանյան ներկայացուցիչներից, փորձում են ներգրավել նաև  պետական տարբեր գործիչների, քանի որ, եթե խոսվում է տնտեսության տարբեր ճյուղերում թվային տեխնոլոգիաների ներդրման մասին, ապա  առանց այդ սիմբիոզի դա անհնար է: 

«Եթե մենք վերցնենք և միայն  մեր համայնքով քննարկենք, ապա դա կլինի անարդյունավետ, դրա համար  մենք պետք է ստեղծենք հարթակ, որը ոչ միայն քննարկում է, այլ նաև լուծումներ է առաջարկում տարբեր գերատեսչություններին»,-ասաց նա: 

Խոսելով ֆորումը մարզում անցկացնելու գաղափարի մասին՝  Մուսաելյանը նշեց՝ նախորդ տարի առաջին անգամ այն անցկացրել են Գյումրիում և հասկացել,  որ արձագանքները շատ դրական էին։ Նրա խոսքով՝ ֆորումը Գյումրիում ակտիվություն է մտցրել, ուստի ՏՀՏ միության անդամներով որոշել են, որ այսուհետ Silicon Mountains-ը կանցկացվի  Հայաստանի որևէ մարզում, իսկ ամփոփումն արդեն կլինի Երևանում:

«Մարզում անցկացնելը իր հետ բերում է տարբեր դրական հետևանքներ, քանի որ, գնալով մարզ, մենք ապահովում ենք ակտիվություն, խոսում ենք կրթական ծրագրերից և փորձում ենք այդ ծրագրերը ներդնել այնտեղ: Արդեն ունենք ներկայացուցիչներ չորս տարբեր մարզերում, ձևավորում ենք համայնքներ  և փորձում ենք կիսվել նոր մշակույթով և մեր փորձով»,- ասաց ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրենը: 

Մուսայելյանը նշեց, որ ֆորումի ընթացքում հիմնականում կենտրոնանում են հնարավորությունների վրա, քանի որ, եթե խոսեն միայն խնդիրներից, ֆորումը կդառնա անհետաքրքիր, հենց դրա համար միջազգային փորձագետները գալիս են կիսվելու միջազգային փորձով՝ ներկայացնելով, թե այլ երկրներում ինչպե՞ս են մոտեցել այդ խնդիրներին և ի՞նչ լուծումներ են տվել: 

«Ֆորումի ընթացքում տարբեր խոսնակների և մեր գերատեսչությունների  ներկայացուցիչների  միջև  կազմակերպում ենք հանդիպումներ, և նրանք միասին քննարկում են հնարավոր լուծումներ գտնելու ուղիները»,-ասաց նա: 

Silicon Mountains 2025 ֆորումի և էքսպոյի հատուկ հյուրն այս տարի լինելու է 

Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024 թվականի  դափնեկիր, համաշխարհային ճանաչում ունեցող ինժեներ և գիտնական Յոշիակի Դեյմոն Հագիվարան:

Այս տարի ֆորումն անցկացվելու է Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում՝ մայիսի 15-ին: 

Մանրամասները՝ վիդեոփոդքասթում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »