Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը և Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները. ՄԻՊ-ը հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ

4 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը և Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները. ՄԻՊ-ը հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 12-ին աշխատանքային այցով Գյումրիում էր: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ հանդիպմանը Պաշտպանն ընդգծել է մարզպետի աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչի շնորհիվ մի շարք խնդիրների համար հնարավոր է լինում արագ լուծումներ գտնել: 

Զրուցակիցները քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Անդրադարձ է կատարվել երկրաշարժից տուժածների բնակարանային ապահովմանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը, ընտանեկան բռնություններին, խոսքի ազատությանը, ատելության խոսքի տարածմանը վերաբերելի հարցերին: 

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանը նշել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը: 

«Անահիտ Մանասյանը ՄԻՊ մարզային ստորաբաժանումում հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ: Լիլիթ Աղեկյանի ազգականները Պաշտպանին ներկայացրել են գործի հետ կապված իրենց բոլոր մտահոգությունները: Անահիտ Մանասյանը նշել է, որ իր հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել Լիլիթ Աղեկյանին: Դեպքի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ մանդատի շրջանակներում իրականացվում են համապատասխան գործողություններ: 

Արդյունքների հետ կապված ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների հետ: Երիտասարդներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու գործունեության հիմնական ուղղությունները: 

Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանը պատասխանել է ուսանողների հարցերին, անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանության հիմնական կառուցակարգերին: Ընդգծվել է հանդուրժողականության, իրավահավասարության, արդարության և մարդու՝ որպես սահմանադրորեն ճանաչված բարձրագույն արժեքի կարևորությունը: Ուսանողները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և քննարկելու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, քննարկվել են խոսքի ազատության, մտքի և կրոնի ազատության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր։ 

Այնուհետև Անահիտ Մանասյանը քոլեջի տարածքում անվանական ծառ է տնկել։ 

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ՝ այցի շրջանակում Անահիտ Մանասյանը ՄԻՊ մարզային ստորաբաժանումում հյուրընկալել է նաև Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաներին, որոնք Պաշտպանի նախաձեռնությամբ մայիսի 12-ին այցելել էին Գյումրու Իլյուզիաների թանգարան: 

Երեխաները Պաշտպանին ներկայացրել են հետաքրքիր օրվա մանրամասները, կիսվել իրենց տպավորություններով: 

Նշվում է նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի այցերը մարզեր, հանդիպումները ուսումնական հաստատությունների և խնամքի կենտրոնների սաների հետ կրում են շարունակական բնույթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »