Քաղաքականություն

Անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական կամք և ցանկություն՝ պահպանելու հայ-ռուսական սերտ հարաբերությունների խորը հիմքերը. Կոպիրկին

3 րոպեի ընթերցում

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տոնակատարությունը շատ խորհրդանշական և հարազատ իրադարձություն է, ինչպես նաև Խորհրդային Միության ժողովուրդների միասնության խորհրդանիշը, որոնք համատեղ ջանքերով հաղթեցին չարիքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։  

«Այսօր հերթական անգամ նշում ենք մեր մեծ տոնը։ 80 տարի է անցել մեր ընդհանուր հաղթանակի օրից։ Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնորհելիս տեսանք այլ երկրների դեսպաններին, ովքեր ներկայացնում են այն պետությունները, որոնք նույնպես պայքարել են ֆաշիստական ժանտախտի դեմ։ Մենք գնահատում ենք մյուս դաշնակից երկրների ներդրումն այդ հաղթանակում, թեև հիմնական բեռն իր ուսերին կրել է հենց խորհրդային ժողովուրդը։ Սա ոչ միայն հարգանքի տուրք է մեր նախնիների հիշատակին, այլև անձնական տոն է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների յուրաքանչյուր քաղաքացու համար։ Թերևս չկա գեթ մեկ ընտանիք, որն առերեսված չլինի պատերազմի հետ»,- ասաց դեսպանը։ 

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Կոպիրկինը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանին վերաբերվում է որպես եղբայրական երկրի, որպես դաշնակցի, որի հետ սերտորեն համագործակցում է և պատրաստ է ապագայում ևս խորացնել հարաբերությունները, այդ թվում այն գործընթացների շրջանակում, որոնք վերաբերում են ընդհանուր եվրասիական ինտեգրացիային։ Նա ընդգծեց, որ արդյունավետ փոխգործակցության մասին վկայում են վիճակագրական ցուցանիշները և այդ փոխգործակցությունը, ըստ նրա, Եվրասիական գոտու երկրներին, այդ թվում Հայաստանին տալիս է զգալի առավելություններ։ 

«Այսօր պետք է սթափ նայենք առկա իրողություններին, փոփոխվող աշխարհին և ադապտացնենք մեր հարաբերություններն այդ նոր իրողություններին։ Բայց ամենագլխավորն այն է, որ երկուստեք լինի քաղաքական կամք և ցանկություն՝ պահպանելու սերտ հարաբերությունների բավականին խորը հիմքերը մեր ժողովուրդների միջև և գնալ առաջ՝ փոխադարձաբար հարգելով միմյանց անկախությունը, կենսական շահերը, առավել ևս, որ մենք ունենք շատ ընդհանրություններ, այդ թվում ռազմավարական հետաքրքրություններ»,- եզրափակեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը։     

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »