3 րոպեի ընթերցում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պաշտոնական բացման արարողությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչ մարզիկների շքերթը` բուն բացման արարողությունը մեկնարկեց լուսային և թատերական ներկայացմամբ, ցուցադրվեցին կարատե մարզաձևի միտքը, փիլիսոփայությունն ու առանձնահատությունները:
Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կարատեի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը ու Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:
ԿԳՄՍ նախարարը հաջողություն մաղթեց մասնակից մարզիկներին:
«Եվրոպայի կարատեի մեծահասակների առաջնության անցկացումը պատմական իրադարձություն է հայաստանյան կարատեի պատմության մեջ: Կարատե մարզաձևն ունի լայն ընգրկվածություն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, և մեծ պատիվ է հնարավորություն ունենալ այն անցկացնել Հայաստանում՝ միջազգային հանրությանը այսկերպ ևս ներկայացնելով մեր պետությունը: Վստահաբար կարող ենք արձանագրել՝ Երևանում անցկացվելիք Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությունը կլինի Հայաստանում այս տարում անցկացվող ամենախոշոր և ամենամասշտաբային միջոցառումներից մեկը»,-ընդգծեց նախարարը:
Անդրեասյանի խոսքով` Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության առաջնահերթություններից է միջազգային մրցաշարերի անցկացումը:
«Մենք արդեն իսկ հաջորդ տարի կհյուրընկալենք հրաձգության Եվրոպայի առաջնությունը, 2027-ին միանգամից մի քանի խոշոր միջոցառումներ են պլանավորված՝ աշխարհի ծանրամարտի առաջնությունը, սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը։ Այնպես որ բազում առիթներ կունենանք մեր երկրում հյուրընկալելու աշխարհի տարբեր երկրների մարզական պատվիրակությունների և ամրապնդելու Հայաստանի տեղը սպորտային քարտեզում»,-ասաց Անդրեասյանը:
Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանն էլ ասաց.
«Մեզ համար սա ավելին է, քան սպորտային միջոցառումը, այն ինքնաճանաչման, միասնության և ընդհանուր վստահության պահ է` եվրոպական կարատեի ընտանիքում: Հայաստանը կարգապահության, հարգանքի և տոկունության արժեքների վրա կառուցված երկիր է, որը խորապես արմատավորված է կարատեի ոգու մեջ: Վերջին տարիներին մենք անխոնջ աշխատել ենք մեր ֆեդերացիայի ամրապնդման ուղղությամբ, ներդրումներ ենք կատարել երիտասարդության զարգացման մեջ և խթանել կարատեն ոչ միայն որպես մրցակցային մարզաձև, այլև որպես ապրելակերպ»:
Կարատեի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը ողջունեց մասնակիցներին, հաջողություն մաղթեց մրցաշարում և հայտարարեց մրցաշարը բացված:
Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, մայիսի 7-11-ը: Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում են մոտ 1000 մարզիկներ: