Քաղաքականություն

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ շատ ակտիվ քննարկումներ կան. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ շատ ակտիվ քննարկումներ կան. Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումները շարունակվում են: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ն արդեն նախնական խոսակցություններ, քննարկումներ համաձայնեցված համաձայնագրի ստորագրման շուրջ։ 

 «Այո, քննարկումներ կան, քննարկումները շարունակվում են: Չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, որ չխանգարեմ այդ պրոցեսին, բայց քննարկումները կան ու շատ ակտիվ են»,–ասաց Սիմոնյանը:

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու մասին։ Դրանից անմիջապես հետո Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի կնքման ժամկետներն ու տեղը որոշելու վերաբերյալ, Ադրբեջանը, սակայն, նոր նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ՝ նշելով, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Բացի այդ, Բաքուն նաև պնդում է, որ համաձայնագիրը ստորագրելուց առաջ պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։  Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության համաձայնագիրն ու Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումը ստորագրել միաժամանակ, իսկ Սահմանադրության հետ կապված ադրբեջանական կեղծ պնդումներին ի պատասխան՝ հայկական կողմը հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ չի պարունակում, իսկ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին գործն է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում

OSZAR »