10 րոպեի ընթերցում
ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունում և գավաթի խաղարկությունում «Արարատ-73»-ի փառավոր ելույթներին և պատմական հաղթանակներին նվիրված գրքերի շարքը համալրվեց ևս մեկով:
«Արմենպրես»-ի լրագրող, հայրենի ֆուտբոլի անցուդարձը լուսաբանելու բազմամյա փորձ ունեցող Էմանուել Մարգարյանը յուրօրինակ տեսանկյունից է անդրադարձել ավելի քան կեսդարյա վաղեմության իրադարձություններին՝ ներկայացնելով ոչ միայն դրանց վավերագրությունը, այլև մարդկանց, որոնք իրենց հրապարակումներով հավերժացրել ու սերունդներին են փոխանցել այդ վառ հաղթանակների մանրամասները:
«Արարատ-73»-ը «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի տարեգրության մեջ» վերտառությամբ այս գիրքը հարգանքի ինքնատիպ տուրք է պատմություն կերտած անզուգական վարպետներին, նրանց ելույթները լուսաբանած մարդկանց և, իհարկե, լեգենդար «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթին՝ խորհրդային տարիներին Հայաստանի միակ մարզական պարբերականին, որը կրպակներում հայտնվելուց րոպեներ անց այլևս անհասանելի էր դառնում մի փոքր ուշացմամբ վաճառակետին մոտեցած շատ մարզասերների համար:
Այն տարիներին Հայաստանում հիրավի ֆուտբոլային մթնոլորտ էր ու, թվում էր, ֆուտբոլով է ներծծված ամեն ինչ: Վիճակագիրները նույնիսկ պարզել էին, որ «Արարատ»-ի հաղթանակներից հետո հանրապետությունում աճում էր աշխատանքի արդյունավետությունը, քանի որ մարդիկ ավելի եռանդուն և ոգևորված էին կպնում գործի: Այդ առումով պետք է նշել, որ Էմանուել Մարգարյանին հաջողվել է գրքի էջերից հնարավորինս փոխանցել «Արարատ»-ի ելույթների էներգետիկան:
Գրքի շնորհանդեսին, որը մարտի 7-ին տեղի ունեցավ «Արմենպրես»-ի մամուլի սրահում, մասնակցեցին հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակրի հաղթանակների անմիջական կերտողներ Սերգեյ Բոնդարենկոն, Սերգեյ Պողոսյանը և Նորայր Մեսրոպյանը, նրանց ելույթները լուսաբանած մեկնաբաններ Սուրեն Բաղդասարյանը, Արսեն Բաբայանը, լուսանկարներով սերունդներին փոխանցած Ֆելիքս Առուստամյանը (նա արդեն երկար տարիներ աշխատում է «Արմենպրես»-ում), հայկական սպորտի և ֆուտբոլի այլ նվիրյալներ:
Գրքի հեղինակ Էմանուել Մարգարյանը տողերիս հեղինակին պատմեց, որ «Արարատ-73»-ի ելույթներին գրքի ձևաչափով անդրադառնալու ցանկություն վաղուց ուներ, բայց գաղափարն ավելի հստակ ուրվագծվեց Ֆելիքս Առուստամյանի հետ մի զրույցից հետո:
«Ֆելիքս Առուստամյանը տևական ժամանակ աշխատելով «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթում՝ այդ պարբերականի մյուս լուսանկարիչ, երջանկահիշատակ Ռաֆիկ Հեքեքյանի հետ նկարել է «Արարատ»-ի խաղերը, այդ թվում՝ 1973 թվականին: Առուստամյանը մտախոհ հայտնեց, որ «Արմենպրես»-ի արխիվում պահպանվում են հաղթական մրցաշրջանը ներկայացնող բազում լուսանկարներ, որոնք, կարծես, արժանացել են դարակների վրա մնալու ճակատագրին: Պատասխանեցի, որ մտորում եմ «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթում «Արարատ-73»-ի ելույթների մասին պատմող հրապարակումների հիման վրա գիրք ստեղծելու մասին: Առուստամյանը շատ ուրախացավ և սիրով տրամադրեց լուսանկարներ, որոնք էլ զետեղված են գրքում: Շատ երջանիկ եմ, որ կարողացա իրականացնել վաղեմի երազանքս»,- նշեց Էմանուել Մարգարյանը:
Այս գիրքն առանձնանում է նրանով, որ արժևորվում է նաև 1973-ին «Արարատ»-ի ելույթները «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթում լուսաբանած մարդկանց աշխատանքը: Պարզվում է, որ այդ տարի արարատցիների ելույթները թերթի էջերում լուսաբանել են 14 հեղինակներ, ընդ որում՝ ոչ միայն լրագրողներ: Նրանք են ճանաչված ֆուտբոլիստ և մարզիչ Ալբերտ Աբրահամյանը, Երևանի «Դինամո»-ի, այնուհետև «Սպարտակ»-ի խաղացող Հովսեփ Ասատրյանը, անզուգական վարպետ Սարգիս Հովիվյանը, «Արարատ»-ում և «Շիրակ»-ում ինքնատիպ ելույթներով հայտնի Անատոլի Զիրոյանը, համամիութենական կարգի ֆուտբոլային մրցավար Մաթևոս Մկրտչյանը, տեսաբան Հրանտ Նարինջյանը, «Հայաստանի Ֆիզկուլտուրնիկ»-ի փոխմբագիր Միսակ Նազարյանը, բաժնի վարիչ Արսեն Բաբայանը, թերթին թղթակցած Վան Բայբուրթյանը (հետագայում Վրաստանի խորհրդարանի անդամ), «Սովետսկի սպորտ» թերթի Հայաստանում երկարամյա սեփական թղթակից Սերգեյ Հարությունյանը, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի Հայաստանում երկարամյա սեփական թղթակից Արսեն Կակոսյանը, հեռուստամեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, լուսանկարիչներ Ռաֆիկ Հեքեքյանը և Ֆելիքս Առուստամյանը:
Սա ֆուտբոլի մասին Էմանուել Մարգարյանի չորրորդ գիրքն է՝ «Համաշխարհային ֆուտբոլի անթոլոգիա» երկհատորյակից և «Հայկական ֆուտբոլային սփյուռքը» գրքերից հետո: Այն հրատարակվել է հեղինակի միջոցներով՝ ընդամենը 80 հատ տպաքանակով: Մարգարյանը նշեց, որ հետագայում, եթե գտնվեն հովանավորներ, այն կարող է լույս ընծայվել ավելի մեծ տպաքանակով: Ի դեպ, նա գրքի մեկական նմուշ ուղարկել է Մոսկվա՝ «Արարատ-73»-ի հռչակավոր գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, ԱՄՆ՝ ֆուտբոլիստներ Արմեն Սարգսյանին ու Լևոն Իշտոյանին և Ուկրաինա՝ Արկադի Հարությունյանին:
«Արարատ-73»-ը «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի տարեգրության մեջ» գիրքը հասանելի է նաև գրադարաններում:
Ֆելիքս Առուստամյանը գտնում է, որ մարզասերների, հատկապես «Արարատ-73»-ի ելույթներով հետաքրքրվողների համար նման գրքերը շատ կարևոր ու արժեքավոր են:
«Ես և Ռաֆիկ Հեքեքյանը լուսանկարել ենք երևանյան թիմի այդ տարվա բոլոր խաղերը: Շատ էինք ուրախանում հատկապես յուրահատուկ կադրեր ստանալիս: Թեպետ այն ժամանակվա «Զենիթ» լուսանկարչական ապարատներով շատ դժվար էր ֆուտբոլ նկարել, ինձ հաջողվել էր լուսանկարների շարք ստանալ: Երեք կադր, որոնք արտացոլում են արարատցիների գոլային գրոհի զարգացման ընթացքը մրցակցի տուգանային հրապարակում: Անմոռանալի հուշերը, ինչպեսև վառ լուսանկարները անհամար են: Բացի այդ, «Արմենպրես»-ին եմ նվիրել նաև իմ անձնական արխիվը»,- նշեց լուսանկարիչը:
Հեռուստամեկնաբան Սուրեն Բաղդասարյանը նույնպես հուշերի պակաս չունի: Ներկայացրեց դրանցից մեկը՝ Լվովի «Կարպատներ»-ի հետ խաղի ռեպորտաժից, որի ընթացքում մարզասերները ներխուժել էին խաղադաշտ ու ծեծել Էդուարդ Մարգարովին: Լրագրողը պատմել էր այդ միջադեպի մասին՝ քաջ գիտակցելով, որ դա կարող է հանգեցնել իր մասնագիտական գործունեության ավարտին, քանի որ այն տարիներին նման իրադարձությունների հրապարակային լուսաբանումը, մեղմ ասած, չէր ողջունվում:
««Արարատ-73»-ը մեր ազգի պարծանքն է, ոգեշնչման փոքրաթիվ առիթներից մեկը: Ցավոք, 2023-ին Հայաստանում աննկատ մնաց արարատցիների պատմական հաջողության 50-ամյակը: Հոբելյանի առիթով այդ տարի թոռնիկիս՝ Դավիթիս մեծ աջակցությամբ հրատարակեցի հուշերս ամփոփած գիրք: Ո՛չ պետությունը, ո՛չ էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որևէ կերպ չանդրադարձան այդ փառավոր տարեդարձին: Մինչդեռ, ավելի քան կես դար առաջ արարատցիների կերտած նվաճումն առ այսօր անգերազանցելի է մնում հայկական ֆուտբոլի համար: Գտնում եմ, որ ամեն առիթով պետք է մեծարենք «ոսկե» սերնդի մեր ֆուտբոլիստներին, որոնցից կեսից ավելին այլևս մեզ հետ չէ: Պետք է սովորենք գնահատել մեր բոլոր մեծերին»,- ասաց նա:
«Արարատ»-ի կիսապաշտպան, ԽՍՀՄ չեմպիոն ու կրկնակի գավաթակիր Սերգեյ Բոնդարենկոն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց.
«Շատ հուզիչ է, որ այսքան տարի անց մեզ շարունակում են հիշել և գնահատել: Պետք է նշեմ, որ ելույթ ունենալու տարիներին առանձնապես մեծ շփում չենք ունեցել մամուլի հետ: Այն ժամանակ ընդունված չէր հարցազրույցներ «բաժանել», անընդհատ լուսանկարվել, ամբողջ մարմինը պատել դաջվածքներով և անել այլ բաներ, որոնք այսօր սովորական երևույթ են ֆուտբոլիստների շրջանում: Մենք մարզիկներ էինք ու անխոնջ կատարում էինք մեր աշխատանքը: Շատ շնորհակալ եմ Էմանուել Մարգարյանին, գրքի ստեղծմանը մասնակցած բոլոր մարդկանց, «Արմենպրես»-ին՝ այսպիսի ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Ամեն դեպքում՝ հիշելը և հիշվելը շատ կարևոր է: Առանց անցյալը հիշելու անհնար է կերտել ապագա»,- ընդգծեց Սերգեյ Բոնդարենկոն՝ հիշեցնելով, որ իր թիմակիցներից 7-ը՝ Ալյոշա Աբրահամյանը, Սանասար Գևորգյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Ալեքսանդր Կովալենկոն, Հովհաննես Զանազանյանը, Արկադի Անդրեասյանը, Նիկոլայ Ղազարյանը, ինչպես նաև թիմի մարզիչներ Օնիկ Աբրահամյանը և Հարություն Քեհեյանն այլևս ողջ չեն: